30
05, 2022

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար:

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր:

Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին:

Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա:

Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն:

Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները:

Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը:

Անշուշտ, տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել երկկողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:

Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»: 

← Վերադառնալ