01
04, 2022

Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան շատ մեծ է. նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպում է ունեցել գիտական խորհրդի անդամների հետ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար նշել է, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, երբ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ, և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում ունենում տարբեր հարցերի շուրջ: «ԵՊՀ-ն եղել, մնում և լինելու է մեր երկրի սիրտը և շարժիչ ուժը՝ կրթության, գիտության ասպարեզում»,- ընդգծել է ռեկտորը: -Մեզ համար գլխավոր խնդիրը եղել և մնում է կրթության որակը: Ամեն ինչ պետք է անենք բավարար որակով կրթություն ապահովելու համար, և այդ ճանապարհին ակտիվ համագործակցում ենք թե՛ միջազգային գործընկերների, թե՛ այլ համալսարանների հետ»,- ընդգծել է նա: Ռեկտոր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունների ընթացքը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես ձեզնից մեկն եմ և պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթության, առավել ևս գիտության զարգացմանը: Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան շատ մեծ է հասարակության, քաղաքացիների, պետության կողմից: Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ներուժը գիտությունը, կրթությունը, մարդն է. մենք այլ հնարավորություն չունենք: Մենք պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործենք, և այդ հարցում ձեր ավանդը շատ մեծ է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը նշել է նաև, որ, պաշտոնական դիրքից ելնելով, այս պահին չի կարող շարունակել դասախոսել, սակայն եթե բուհերում ունենան իր կարիքը, և ինքը զգա, որ կարիք կա դասախոսության, ինչ-որ ասելիք հաղորդելու անհրաժեշտություն կա, ապա մշտապես պատրաստ է դա իրագործել:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Անդրադառնալով առկա խնդիրներին ու մարտահրավերներին նախագահը նշել է. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր են կրթված մարդիկ»:

Հանդիպմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձավ կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող: Նա ևս կարևորեց ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ, անդրադարձել տարբեր հարցերի:

← Վերադառնալ