Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում: «Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում: Եթե չունենք խաղաղ տարածաշրջան, ապա մեր բոլոր ծրագրերն անիմաստ են դառնում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահն ընդգծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Թիմ Լոութըն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ: Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: