06
10, 2021

Քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն. Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան այսօր կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

«Մեծարգո նախագահ Մատարելլա,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ որպես Հայաստանի նախագահ առաջին անգամ պետական այցով գտնվել Իտալիայում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Մատարելլային՝ իր բարեկամության, հրավերի և այս փայլուն ընդունելության համար։

Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։

Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և՛ Իտալիայի, և՛ Հայաստանի կողմից։

Մեր բանակցություններում անդրադարձանք նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները շատ արագ կհասնեն այնպիսի մակարդակի, ինչպիսին մեր երկխոսության մակարդակն է։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն անկում ապրեց, բայց 2021 թվականին սկսեց վերականգնվել։ Վստահ եմ, որ այն շատ արագ շատ ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին։

Նախագահի հետ միասին կարևորեցինք նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից այնպիսի ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության, 21-րդ դարին համապատասխանող կապի համակարգերի հետ:

Քննարկեցինք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող են լինել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։

Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Մեծապես կարևորում ենք երկկողմանի մարդկային շփումներն ու հարաբերությունները՝ մասնավորապես զբոսաշրջության բնագավառում: Ե՛վ Իտալիան, և՛ Հայաստանը հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն։ Պարոն նախագահի հետ ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, ինչը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը:

Սիրելի գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իմ գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։

Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը և՛ Հայաստանում, և՛ այլուր:

Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։

Բարձր ենք գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։

Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։

Մեր ամուր համագործակցության և բարեկամության լավագույն օրինակներից են Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերը հանուն խաղաղության և անվտանգության, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր հրամանատարության շրջանակներում:

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարության որոշման համար՝ համավարակի այս բարդ փուլում Հայաստանին մեծաքանակ պատվաստանյութեր տրամադրելու համար։

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։

Համոզված եմ, որ ապագայի տեսլականով Իտալիայի և Հայաստանի միջև ստեղծված երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվեն, և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների եկող տասնամյակներում։

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իտալիայի իմ թանկագին բարեկամ և բացառիկ պետական գործիչ, միջազգային բարձր հեղինակություն վայելող նախագահ Մատարելլային՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ բոլոր ուղղություններով»:

Նախագահ Մատարելլան իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.

«Մեծ հաճույք է այսօր այստեղ՝ Քուիրինալե պալատում, հյուրընկալել նախագահ Սարգսյանին, նրա տիկնոջն ու պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին պատմական այցի կապակցությամբ։

Այցը պատմական է, քանի որ համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի հետ, ինչի առթիվ կրկին իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նախագահ Սարգսյանին։
Ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել այս այցը, որը հետաձգվել էր համավարակի պատճառով։ Սա 2018 թվականի հուլիսին Երևան կատարված իմ այցի պատասխան այցն է, որի մասին դեռ պահպանում եմ վառ և ջերմ հիշողություններ։

Հայաստանը և Իտալիան կարող են պարծենալ բարեկամական մեծ ավանդույթներով, որոնք բնորոշվում են որակական աճով։ Ունենք համագործակցության մի շարք ոլորտներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում Հայաստանի ներգրավվածության համար։ Մեր ընկերությունը վերահաստատվեց նաև համավարակի ժամանակ, երբ պարոն Սարգսյանը զանգահարեց Իտալիա և իր անհանգստությունը հայտնեց Իտալիայում համաճարակի ծանր իրավիճակի համար։

Մեր բժիշկները համագործակցեցին հայ բժիշկների հետ ուս ուսի Հայաստանում:

Նախագահ Սարգսյանի հետ խոսեցինք մեր հարաբերությունների մասին, և ես նշեցի, որ Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»։

 

← Վերադառնալ