Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամներին ու այն աջակցությունը, որ ստանում ենք նրանցից: Հատկապես հիմա Հայաստանի համար դժվարին օրեր են, մեր երկիրը փորձում է դուրս գալ հետպատերազմական ծանր վիճակից: Ես լավատես եմ և կարծում եմ, որ ի վերջո կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և գործընկերության կարևորությունը։
Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ ի հայտ եկած մարդասիրական խնդիրներին, խոսել Եվրամիության հնարավոր աջակցության մասին: Օլիվեր Վարհեին ասել է, որ Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի կայունությունը և պատրաստ է աջակցել երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելուն:
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվում է տնտեսական և ներդրումային խոշոր փաթեթ, որի շուրջ երկար ու լուրջ աշխատանք է կատարվել, և որի իրականացումը երկրի տնտեսական և սոցիալական վերականգնման, ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալու լավ հնարավորություն է: Նա նաև ընդգծել է ԵՄ պատրաստակամությունն՝ օժանդակելու տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, տնտեսական ինտեգրման գործընթացներին:
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող ներդրումային փաթեթին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի ծրագրերի ճշգրիտ և թիրախավորված իրականացումից: Նախագահը հատկապես կարևորել է ապագային միտված ուղղությունների զարգացումը, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների խթանմանն ուղղված նախագծերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին:
Օլիվեր Վարհեին նշել է, որ պատրաստ են Հայաստանի հետ աշխատել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով: