17
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին

Հանրապետության նախագահի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է և հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Նա համերգներով հանդես է եկել նաև հայրենիքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, մշակութային Էվերեստի գագաթը հաղթահարելուց բացի երգչուհին օրերս հաջողությամբ բարձրացել է նաև Արարատ լեռը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և ստեղծագործական նորանոր վերելքներ է մաղթել անվանի երգչուհուն՝ նշելով, որ հպարտ են նրա հաջողություններով և մշտապես ուրախ են հյուրընկալել նրան հայրենիքում: Երգչուհին նշել է, որ թեև ինքը երգում է աշխարհի շատ բեմերում, բայց իր համար առանձնակի պատիվ և ուրախություն է հանդես գալ Հայաստանի օպերային թատրոնում, որտեղ իր հայրն է աշխատել ու ստեղծագործել:

← Վերադառնալ