20
04, 2021

Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։

Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց բնակավայրերի խնդիրները՝ առաջնահերթ են համարել անվտանգության ապահովման հարցը։ Նշվել է, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։

Անդրադառնալով նշված հարցերին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն իրենց հողում։ «Մտածեք, առաջարկություններ արեք, դուք ինքներդ ավելի լավ կիմանաք, թե ինչ տեսակի գործունեություն է հնարավոր իրականացնել ձեր համայնքներում,-ասել է նախագահը։ -Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել, գտնել ուղիներ ու միջոցներ»։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև այցելել են Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Այստեղ ևս թե՛ բնակիչները, թե՛ բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները: Նրանք նաև ընդգծել են, որ ներկայումս սահմանամերձ համայնքները մեծ ուշադրության կարիք ունեն. «Հայաստանն սկսվում է հենց Ներքին Հանդից»,-ասել է տեղացիներից մեկը։

Արձագանքելով այդ դիտարկմանը՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ լիովին համաձայն է այդ տեսակետին և բազմիցս բարձրաձայնել է այդ մասին․ «Մեր խնդիրներից մեկն այն է, որ մտածում ենք, թե Հայաստանը Երևանն է։ Ոչ միայն Երևանում ենք ապրում, այլև չենք էլ այցելում մարզեր»։

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահը ցավով է արձանագրել, որ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է: Սահմանազատման խնդիրների մասին խոսելով՝ նախագահը նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավված լինեն մասնագետներ, ինչպես նաև՝ համայնքների բնակիչներ։ «Շատերդ ունեք փաստաթղթեր, որոնք կարող են վկայել, որ այս արոտավայրը, այս արտը կամ այս այգին ձեր սեփականությունն է եղել, և այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեք մարդու իրավունքների պաշտպանին,-ասել է նախագահը։ -Բացի միջկառավարական պայմանագրերից, քարտեզներից և մնացած բոլոր բանակցային գործընթացներից՝ կան նաև մարդու իրավունքներ»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով. «Մենք պետք է արձանագրենք ու ցույց տանք իրավական խախտումները, ապօրինությունները, դրանք կարևոր են նաև հետագայի համար»։

Պատասխանելով բնակիչների՝ նախագահական ինստիտուտի կողմից իրենց աջակցելու հնարավորությունների մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է անել ամեն ինչ, և համայնքներ այցելելն ու խնդիրներին անմիջապես տեղում տեղեկանալն այդ նպատակն ունեն: «Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում,-ընդգծել է նա։ -Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի»։

Հանդիպումների ընթացքում առաջարկվել է խնդիրները ձևակերպած ու ամբողջացված ներկայացնել Հանրապետության նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ նրանց իրավասության շրջանակում աջակցության հնարավորությունները քննարկելու համար:

← Վերադառնալ