Մամուլի հաղորդագրություններ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. նախագահ Արմեն Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար:
Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված հարցեր:
Մինչև աշխատանքները սկսելը՝ մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը:
Այնուհետև Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով.
«Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս նիստն արտակարգ է թե՛ իր օրակարգով, թե՛ այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում՝ պատերազմի հետևանքներ, քաղաքական լարված իրավիճակ Հայաստանում, կորուստներ ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ տարածքային, ծանր, վիրավոր Արցախ, կորոնավիրուսի համավարակ, սոցիալական, տնտեսական, քաղաքական մեծ ճգնաժամ և դժվարություններ:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ մարդկային ու նյութական մեծ կորուստներ են կրել, կորցրել են տուն, ունեցվածք, և, ինչն առավել ցավալի է, ոմանք նաև ընտանիք և հարազատներ: Հիմնադրամն այժմ նրանց աջակցելու ծրագիր է իրականացնում:
Սակայն այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Այդ հարցը մեկ բառով կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ վստահություն:
Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել:
Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի:
Ես դեռ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելիս կարծիք էի հայտնել, որ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Առաջին նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել էի առաջարկություններ ներկայացնել՝ ինչպես բարելավել, կատարելագործել հիմնադրամի գործունեությունը: Այսօրվա արտահերթ նիստը առիթ և հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլև մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց և համահայկական երևույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլև գործել այդ ուղղությամբ:
Խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլև ռազմավարությանն ու մարտավարությանը, նաև մշակույթին և մտածողության ձևին: Մյուս կողմից, ուզում եմ նորից կրկնել հոգաբարձուների նախորդ նիստում արտահայտած մի միտք՝ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով՝ թիրախներով: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան և վաղվան համահունչ, որովհետև այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետևաբար, մենք պետք է լինենք նաև ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի և համավարակի հետևանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջև:
Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաև՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն և իրականացվեն զարգացման նախագծեր:
Այս նիստին քննարկելու ենք հարցեր, որոնք հրատապ են և կենսական: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք:
Միևնույն ժամանակ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական և այլ հետաքրքրություններն ու հարցերը և նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը և այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցներին»:
Նախագահի բացման խոսքին հաջորդել են քննարկումներն օրակարգի հարցերի շուրջ: