25
11, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին

Հարց- Պարոն նախագահ, ճգնաժամային այս իրավիճակում Ձեր արդեն երրորդ այցն է արաբական երկիր: Շատերին հետաքրքրում է՝ ինչու՞ եք ընտրում արտաքին քաղաքականության հենց այս ուղղությունը հենց այս պայմաններում:

- Նախ և առաջ ճգնաժամի ընթացքում, նույնիսկ պատերազմական օրերին միայն արաբական աշխարհ չեմ այցելել: Եթե հիշում եք՝ այցելություններ եղան Բրյուսել, որտեղ հանդիպումներ ունեցա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ: Հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ճիշտն ասած, բավականին ծանր զրույց ունեցա՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողություններին բացահայտ մասնակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Թուրքիան:

Դրանից հետո այցելեցի Ֆրանսիա. հանդիպում ունեցա նախագահ Մակրոնի հետ, երկար և շատ բարեկամական զրույց ունեցանք: Հետադարձ ճանապարհին կես օրով այցելեցի նաև Կատար, որտեղ զրույց ունեցա էմիրի հետ՝ հաշվի առնելով նաև Կատարի հատուկ դերը Ծոցում և հարաբերությունները տարբեր երկրների հետ:

Հետո կարճ այցելություն ունեցա Էմիրություններ, և այս անգամ, զինադադարից հետո, Հորդանան:

Հորդանանի թագավորը մեր երկրի շատ լավ բարեկամն է, երկար տարիների իմ անձնական բարեկամն է, կասեի նաև, որ ընտանեկան բարեկամներ ենք: Ինչպես գիտեք, նա Հայաստան էր այցելել, և պատասխան այց պետք է լիներ: Շնորհակալ եմ Նորին Մեծությանը, որ զինադադարից հետո, երբ Հայաստանն իսկապես գտնվում է ծանրագույն իրավիճակում՝ ոչ միայն տնտեսական, ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, հրավիրեց ինձ այցելել Հորդանան: Սա ինչ-որ իմաստով նաև խորհրդանշական է: Հաշվի առեք, որ Հորդանանը հսկայական հեղինակություն ունի ողջ արաբական աշխարհում: Թագավորը և իր ընտանիքը Մուհամմեդ մարգարեի ուղղակի ժառանգներն են, նրա ազդեցությունը ողջ արաբական և ոչ միայն արաբական, այլև մուսուլմանական աշխարհում հսկայական է: Հետևաբար, այս այցելությունը ի ցույց է դնում մի շարք կետեր: Նախ և առաջ, որ այս պատերազմը երբեք չի եղել և չպետք է մեկնաբանվի որպես կրոնական պատերազմ: Հայաստանն ունի մեծ թվով բարեկամներ իսլամական աշխարհում, և մեր երկկողմ հարաբերությունները պետք է ուղղված լինեն դրանց բարելավմանը: Հորդանանը կարող է լինել այն միջնորդը, որը մեզ ավելի սերտ կկապի ողջ արաբական և իսլամական աշխարհի հետ: Երկար տարիներ մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունները եղել են դեպի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Ռուսաստան, մնացածը կարծես երկրորդային էին՝ դիվանագիտություն ապահովելու գործիքներ՝ ՄԱԿ-ի ասամբլեայում կամ քվեարկությունների ժամանակ բարեկամ երկրներ ունենալ, որոնք ճիշտ կքվեարկեին․․․

Սակայն աշխարհը փոխվել է, այն անկանխատեսլի է: Այսօր կարիք ունենք բարեկամների շատ երկրներում:

Հարց- Ըստ Ձեզ՝ արտաքին քաղաքականության ի՞նչ բացեր ունեինք, որ կարող էին հանգեցնել պատերազմական այս իրավիճակին, կամ անխուսափելի՞ էր արդյոք սա:

- Կուզեի նախ և առաջ, ավարտել իմ միտքը: Աշխարհը փոխվել է, և նույնիսկ փոքր պետությունները, առանձին տարածաշրջանները դառնում են ավելի և ավելի կարևոր: Հետևաբար՝ մեր քաղաքականությունն, ըստ էության, պետք է շատ հստակ ուղղվածություններ ունենա, որոնք պետք է որոշվեն մեր ազգային և պետական շահերից: Իհարկե, կարևոր է, որ մենք հարաբերություններ ունենանք Ինդոնեզիայի նման երկրի, Մալայզիայի կամ Վիետնամի հետ, որովհետև նրանք ՄԱԿ-ի անդամներ են և այլն: Սակայն ինչպե՞ս ենք բացատրում այն, որ այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենք մեր տարածաշրջանի, ինչպես նաև իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ: Հարաբերություններ չունենք նույն տարածաշրջանի ամենակարևոր երկրներից մեկի՝ Պակիստանի հետ: Բացատրությունը, թե՝ եթե Պակիստանի հետ հարաբերություններ ունենանք, ապա Հնդկաստանը կնեղանա, մանկամիտ է և միամիտ: Մենք մոտ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ, և նման օրինակները շատ են: Սա է հենց բուն դիվանագիտության իմաստը, որ դու պետք է կարողանաս փոխված բանաձևով քո բոլոր հակառակորդներին, նույնիսկ թշնամիներին մոտ լինես կամ մոտիկից իմանաս, բայց քո բարեկամների հետ պետք է շատ մոտ լինես: Եվ տվյալ պահին դիվանագիտությունը մեզ թելադրում է, որ մեր պարտականությունն է ակտիվ դիվանագիտություն վարել Ծոցում, արաբական աշխարհում, իսլամական աշխարհում, որի դերը բարձրանում է: Հորդանանը, ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր դեր ունի: Այն փոքր է, բայց հսկայական ազդեցություն ունի՝ և՛ երկիրը, և՛ իհարկե թագավորական ընտանիքը:

Ես չէի ցանկանա այսօր Ձեզ հետ քննարկել ընդհանրապես մեր դիվանագիտական բացթողումները, հաջողությունները, հաղթանակները կամ դիվանագիտական պարտությունները: Ասել եմ արդեն, որ մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք:

Ինչ վերաբերում է բուն Հորդանանին, ապա Նորին Մեծությունն առանձնահատուկ վերաբերմունք ցույց տվեց, որովհետև այս պահին, հաշվի առնելով կորոնավիրուսը, շատ պաշտոնական այցեր չեն լինում։ Իրապես շատ բարձր մակարդակի պաշտոնական այց է: Մենք հարցերի լայն շրջանակ քննարկեցինք՝ և՛ միջազգային օրակարգի, և՛ տարածաշրջանի, և՛ մեր հարևանների, և՛ ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված:

Ուրախալի է, որ այս բոլորն արվում է մեր մյուս բարեկամների հետ համաձայնեցված: Մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր, մենք խոսեցիքն իմ այցելության մասին։ Հենց նույն օրը՝ իմ այցելության ժամանակ, պարոն Լավրովը խոսեց Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ, և քննարկեցին տարածաշրջանը: Հետևաբար, մեր արտաքին քաղաքականության մեջ էական է, որ մեր ամենակարևոր գործընկերների, առաջինը՝ Ռուսաստանի, ու մեր մնացած բարեկամ երկրների հետ դիվանագիտական և քաղաքական, հանրային ու գործնական հարաբերությունները համակարգված լինեն, որ մեկը մյուսի հաշվին չլինի, այլ հակառակը՝ մեր բոլոր բարեկամներին հավաքենք մեկ տեղ:

Կարող եմ ասել, որ վերջին մեկուկես, երկու տարվա ընթացքում ես արել եմ ամեն ինչ, որպեսզի նաև իմ անձնական հարաբերությունները Կատարի էմիրի և նրա ընտանիքի հետ, Մուհամմադ բին Զայեդի՝ Միացյալ Արաբական էմիրությունների ղեկավարի հետ, Քուվեյթի ղեկավարության հետ և նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագավորության հետ վերածեմ կառուցվածքային, պետական հարաբերությունների, այսինքն՝ փոխանցվի ինստիտուտին և ոչ թե մնա անձնավորված, որ երբ վաղն արդեն նախագահ չեմ լինի, ինձ հետ այդ հարաբերությունները չհեռանան: Մենք կարող ենք և պետք է բարեկամ լինենք երկու երկրների հետ, որոնք իրար հետ այս պահին ունեն լարված հարաբերություններ: Դրա փայլուն օրինակը հենց Միացյալ Արաբական Էմիրությունները և Կատարն են: Երկուսն իրար շատ մոտ, բայց այսօր մեծ լարման մեջ ապրող պետություններ են, բայց ես երկուսի հետ եմ անձնապես բարեկամություն անում, երկուսի հետ էլ այսօր փորձում ենք շատ բարեկամական, պետական մակարդակի հարաբերություններ ստեղծել, որը, իհարկե, շատ հանգիստ ընդունվում է երկու պետությունների ղեկավարների կողմից: Հայաստանն այն քիչ պետություններից է, որ երկուսի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունի:

Հարց- Հանրության մի լայն շերտ կարծում է, որ Դուք հավակնություններ ունեք՝ վարչապետ դառնալու, մի շերտ էլ հենց ինքն է առաջադրում Ձեր թեկնածությունը՝ ելք գտնելու համար: Դուք այդպիսի հավակնություններ ունե՞ք:

- Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ և, երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից, և բախտավոր եմ, որ այսօր ձեզ հետ եմ այստեղ:

Նախ՝ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող է: Ես Հանրապետության նախագահն եմ և, նույնիսկ խորհրդարանական երկրում, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն՝ աջակցելու համար: Նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, որն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ: Մենք խոսում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծման համար լավագույնը Մինսկի խմբի հարթակն է, որովհետև դիվանագետները, պետության ղեկավարները գալիս էին և բանակցում սեղանի շուրջ՝ հակադրելով դա պատերազմին: Հիմա մեր երկրի ներսում նույնն ունենք: Ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ:

Երկրորդը՝ այդ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է: Դա կա ցանկացած հայի մոտ, և ինքներդ համոզվեցիք նաև Հորդանանում, նույնն է նաև Մոսկվայում, Կալիֆորնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայումս: Մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և հետևաբար, եթե 1994 թվականին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են, իսկ մենք այդ գործը չենք արել:

Հետևաբար, Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել: Իմ խնդիրը ուրիշ տեղ է: Ես կարծում եմ, որ իմ ներուժի ընդամենը 5, 10 տոկոսն եմ կարողանում օգտագործել իմ երկրի համար՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով․․․ Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել:

Հարց- Հիմա, երբ բոլորս մեղավորներ ենք փնտրում, Ձեր անունը հաճախ շրջանառվում է սոցիալական հարթակներում և տարբեր միֆերի հետ է կապվում: Գուցե պարզաբանե՞ք դրանցից որոշները:

- Ե՞ս պարզաբանեմ ուրիշներին: Ո՛չ, թող միֆերի հեղինակները պարզաբանեն այդ միֆերը: Սակայն, եթե հարցը հնչեցրել եք և, հաշվի առնելով նաև հետաքրքրությունը, փորձեմ պատասխանել:

Անձնապես ես բացարձակապես անտարբեր եմ այդ միֆերի և դավադրապաշտության տեսությունների նկատմամբ: Ճիշտն ասած՝ բացարձակապես չեմ կարդում դրանք, միայն իմ գործընկերները երբեմն զեկուցում են: Թեմաներն անընդհատ կրկնվում են: Եթե Ձեզ հետաքրքրիր է՝ մի երկուսի մասին կարող եմ ասել, որ թեման փակվի: Թեմաներից մեկը իմ հարաբերությունն է BP-ի (British Petroleum) հետ: Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի և այլևս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաև ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաև խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:

Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաև գլոբալ էներգետիկ խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի և էներգետիկայի ոլորտներում, և BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ և առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որևէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետև ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն, ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետև հայ եմ, և Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որևէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլև ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաև BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը և մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, և դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:

Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ:

Մյուսը վերաբերում էր իմ մասնակցությանը Եվրատլանտյան անվտանգության խորհրդի աշխատանքներին: Դա նորից 17 տարի առաջ էր, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որը աշխատեց 2.5 տարի: Դրա նպատակն էր տեսնել, թե ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, ինչպիսի մարտահրավերներ: Այդտեղ ավելի քան 30 մասնակիցներ կային, որոնց մեջ էին Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին արտգործնախարարներ, ռուսական արտաքին հետախուզության ղեկավարը, ռուսական գլխավոր շտաբի ղեկավարությունը, գեներալներ, որոնք մասնակցել էին Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական զենքերի կառավարման պայմանագրերի ստեղծմանը: Նույնն էլ ամերիկյան կողմում էր: Եվ տարբեր տեղերից պրոֆեսիոնալների էին հրավիրել: Ինձ հրավիրել էին որպես պրոֆեսիոնալի: Ես հրավիրվել էի որպես անձ: Եթե հայ ես, գուցե նաև մի քիչ էլ հպարտ լինես, որ քո նախկին վարչապետը հրավիրվել է որպես մասնագետ և էներգետիկ անվտանգության գծով մասնակցում է այս ժողովներին:

Ինչ-որ մարդիկ ժամանակ և փող են դրել, գնացել գտել են, որ այդ հսկայական քանակով փաստաթղթերի մեջ կա մի փաստաթուղթ, որը գրել էր խմբի անդամներից մեկը, որ Թուրքիայից էր, նախկին արտգործնախարարն էր` Հիքմեթ Չեթինը: Նա շատ հետաքրքիր մարդ էր, ծագումով՝ քուրդ: Չեթինն իր անձնական կարծիքն էր այդտեղ գրել, որ՝ կարծում է՝ Թուրքիան ապագայում կայսերական հավակնություններ է ունենալու և ուզենալու է ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում: Սա անձնական կարծիք էր: Մարդիկ, ովքեր գտել էին դա, մեկնաբանել էին, թե՝ տեսեք, պարոն Սարգսյանն այս բոլորի հետ միասին․․․Դավադրության տեսություն, չգիտեմ ինչ... Դա աբսուրդ է, իհարկե:

Իրականությունը հետևյալն է՝ մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք 10-15 տարվա ապագային միտված ցանկացած վերլուծության, քանի որ, ցավոք սրտի, պարոն Չեթինի այդ փոքրիկ հոդվածն իրականություն դարձավ, և մենք դրա զոհերից մեկն ենք: Եթե ուշադրություն դարձնեինք ժամանակին, եթե ամեն տարի հսկայական տեմպերով աճող թուրքական վտանգը տեսնեինք, գուցե այս պատերազմին ավելի լավ պատրաստված լինեինք:

Ես աշխատել եմ և՛ ֆրանսիական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ չինական, և՛ հնդկական ընկերություններում: ... Ցավում եմ, որ այդ ամբողջ եռանդն ու էներգիան, դրամը ծախսում են միայն մի նպատակով՝ մեր երկիրն ապակայունացնելու համար: Եթե վերլուծենք, թե ինչ խմբեր կան այստեղ, ապա շատ հստակ է, որ կա մի խումբ, որը նմանատիպ գործողություններով, լրատվական սուտ տարածելով, փորձում է իրենց արածն ու չարածը, իրենց պատասխանատվությունն ու սխալները բարդել ուրիշների վրա: Սա՝ մեկ: Մեկ ուրիշ խումբ փորձում է ինչքան հնարավոր է ապակայունացնել և կեղտոտ ջրերում ձուկ որսալ: Այդ «ձուկը» կարող է լինել իշխանություն, ատելություն, վրեժ կամ այլ «փոքրիկ ձկնիկներ»: Երրորդ խումբն իրականում մեր թշնամիներն են, որոնք վերցնում են այս աղբը, հետո՝ բազմացնում: Խոսքը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի մասին է: Նրանք բազմացնում են և տարածում մեր մեջ: Այն փոքր սուտը, որն իրականում աղբ է, դառնում է հսկայական քանակությամբ աղբի սար: Դրանից հետո կա չորրորդ խումբը, որն այսպես կոչված միջազգային փորձագետներն են՝ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Եվրոպայից, Ռուսաստանից, Թուրքիայից, և որոնք, քանի որ ինֆորմացիայի կարիք կա, և այդ ինֆորմացիան հենց նույն «Ֆեյսբուք»-ում է, վերցնում են այդտեղից, վերլուծում են ու հետևություններ անում և որպեսզի ցույց տան, թե ինչքան կարևոր լրագրող են, քաղաքական վերլուծաբան, ներկայացնում են հանրությանը: Իրականում կնիք են դնում աղբի վրա՝ պաշտոնականացնելով այն:

Որպես նախագահ ես շատ եմ ցավում, որովհետև մենք պարտվել ենք տեղեկատվական պատերազմում: Պարտվել ենք ամեն տեղ: Նույնիսկ Հորդանանում մարդիկ բողոքում էին, որ արաբալեզու «Ֆեյսբուք»-ը լցված է հակահայկականով, որն, իհարկե, սարքվում է Բաքվում և Անկարայում: Եվ մենք չկանք այդտեղ: Մենք տանուլ ենք տվել տեղեկատվական պատերազմը ոչ միայն արաբական աշխարհում, այլև պարտվել ենք ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ մեր ամենամոտ բարեկամական երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ինչն ընդհանրապես անընդունելի է: Սա շատ ցավալի է, և մեր պատերազմը դեռ շարունակվում է, մանավանդ տեղեկատվական ոլորտում: Կարծում եմ՝ սրան պետք է և՛ գնահատական տրվի, և՛ պետք է վերլուծվի, թե ինչու ենք մենք ամեն օր պարտվում տեղեկատվական պատերազմում:

Ես պնդում եմ, որ մենք Հայաստանում ապրում ենք երևակայությունն ու իրականությունն իրար խառնելով: Եվ սա հիմնական պատճառներից մեկն է: Ասում ենք՝ ունենք լավ բանակ, բայց իրականում չունենք, ասում ենք՝ ունենք ՏՏ, բայց չունենք, ունենք տեղեկատվական համակարգ, բայց չգիտեմ, ունե՞նք, թե չէ, որը կհամապատասխանի 21-րդ դարին:

Հարց- Դուք ելույթ ունեցաք, որտեղ առաջարկներ ներկայացրիք: Այդ առաջարկները դեռ ուժի մե՞ջ են:

- Սրանք ոչ թե ուղղակի օդից վերցրած, այս պահի առաջարկներ են, այլ երկար ժամանակ մտածված առաջարկներ: Մենք խորհրդարանական երկիր ենք և եթե ճգնաժամեր ունենք, ապա լուծումները բավականին պարզ են և հստակ, աշխարհում նորություն չեն: Վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն: Ընտրությունները 2 տարի առաջ են եղել, այսօրվա իշխանությունն Ազգային ժողովում և կառավարությունում այդ մանդատը ստացել է 2 տարի առաջ: 2 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը տարբեր են: Չեմ ասում նորից մանդատ կստանան, թե չէ: Ժողովուրդը կորոշի: Բայց սովորություն է, որ պետք է նորից հետ գնաս մանդատդ թարմացնես, ինչից հետո լրացուցիչ 4-5 տարի ունես, այլ ոչ թե մնացած 2-3-ը: Երկրորդը՝ ընդդիմությունն փողոցից պետք է գնա մասնակցի ընտրությունների: Եվ, իհարկե, այդ ժամանակի ընթացքում պետք է լինի կառավարություն, որին շատերը պետք է վստահեն՝ կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատ, ինչպես ուզում եք անվանեք: Պետք է լինի հստակ ծրագիր, որը դրված կլինի սեղանին նույն ժամանակավոր կառավարության համար, որ մարդիկ պատրաստ լինեն այդ ժամանակավոր, մեկ կամ կես տարվա ընթացքում աշխատեն նվիրումով և ծառայեն իրենց հայրենիքին: Դա կոչվում է ճանապարհային քարտեզ:

Իմ դեպքում ճանապարհային քարտեզը նախ և առաջ վերլուծական էլեմենտ ունի, այն գրված է, պատրաստ է: Դա այն է, ինչ մինչ օրս սխալ ենք արել, երբ փոխանակ ինստիտուտ կառուցենք, անձ ենք փնտրել, փրկիչ: Երկրորդը վերլուծությունն է այսօրվա տնտեսական, քաղաքական, միջազգային հարաբերությունների, մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության, և այսպես ասած ուղեցույց է, թե ուր է գնում աշխարհը, և ուր ենք գնում մենք: Դրանից հետո ճանապարհային քարտեզն է: Դրանք կոնկրետ առաջադրանքներն են կոնկրետ ուղղություններով: Եվ ժամկետներով, այսինքն՝ այսքան ժամանակում սա պետք է արվի, հետո նա, եթե չհասցնենք, ինչ պետք է անենք և այլն: Դա, իհարկե, պետք է համաձայնեցվի:

Ես ստեղծել եմ փաստաթուղթ, որ տամ բանակցողներին, ասեմ՝ սա ընդունեք որպես հիմք, ջնջեք, ավելացրեք, ինչ ուզում եք, արեք: Եվ եթե համաձայնեցված փաստաթուղթ կա, դրա շուրջ կարող ես ունենալ կառավարություն, որը կարիք չի ունենա քաղաքական առաջնորդության: Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, նախարարը կունենան իրենց առջև դրված հստակ ծրագիր: Կառավարությունը կունենա հստակ ծրագիր, թե այսօրվանից սկսած մեկ տարի ինչով է զբաղվում մինչև նոր ընտրություններ:

Բնական և անհրաժեշտ է, որ նոր ընտրություններից առաջ մենք մտածենք ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, որպեսզի մարդը, անկախ նրանից, թե ապրում է Երևանում, թե գյուղում, իմանա՝ ով է իր պատգամավորը և այդ պատգամավորին կանչի պատասխանատվության:

Եվ, իհարկե, Սահմանադրության մեջ փոփոխությունների կարիք ունենք, որովհետև ունենք Սահմանադրություն, որտեղ հավասարակշռության և զսպումների մեխանիզմներ չկան, և դա շատ վտանգավոր է:

← Վերադառնալ