Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Բահրեյնի թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել կամ վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք:
«Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- ասվում է նախագահ Սարգսյանի նամակում:
Հանրապետության նախագահը հատկապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանության առնչությամբ, որը փորձում է հակամարտությունը ծառայեցնել սեփական նպատակները կյանքի կոչելու համար:
Արմեն Սարգսյանը դիմել է Բահրեյնի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի վերջում: