27
09, 2020

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իսրայելի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա Իսրայելի Պետության և ժողովրդի անունից իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:

«Այս տարի տոնակատարությունները, ցավոք, տեղի են ունենում կորոնավիրուսի արդյունքում ծագած սահմանափակումների պայմաններում: Թույլ տվեք իմ զորակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և նրանց, ովքեր ապաքինվել են: Ձեզ և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ առողջություն և տոկունություն:

Իսրայելը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը և մշտապես ցանկանում է համատեղ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ երկու երկրների ժողովուդների: Այս տարի մեր հարաբերությունները ևս մեկ քայլով առաջ մղվեցին, երբ առաջին անգամ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն բացվեց: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության այս որոշումը: Վստահ եմ՝ կարող ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին մեր երկրների երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը հետագայում ևս կամրանան և կընդլայնվեն»,-ասված է Իսրայելի նախագահի ուղերձում:

← Վերադառնալ