13
07, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը, դրա իրականացման հետ կապված հարցերին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական հարուստ մշակույթն առավել ընդգրկուն և ժամանակակից եղանակներով ներկայացնելու կարևորությունը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել: Անդրադարձ է եղել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային պատկերասրահի համագործակցության հնարավորությանը՝ նախագահական նստավայրի տարածքում համատեղ մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպմանը:

 

← Վերադառնալ