10
06, 2020

Էստոնիան աջակցություն է տրամադրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ համավարակի դեմ պայքարի համար. Հայաստանի և Էստոնիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների շուրջ, քննարկել համագործակցության հնարավորությունները համավարակի դեմ պայքարում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հատնել Էստոնիայի նախագահին՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) 30 հազար եվրո տրամադրելու համար, որն ուղղվելու է համավարակի դեմ պայքարին և համապատասխան բժշկական պարագաների ձեռքբերմանը:

Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես ընդգծելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի առկայությունն, այդ թվում նաև՝ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը: Այս համատեքստում նշվել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աշնանը Էստոնիա նախատեսվող պաշտոնական այցը նոր խթան կլինի երկու բարեկամ երկրների համագործակցության խորացմանը:

← Վերադառնալ