Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լորդ Դարզիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Նախագահ Սարգսյանը և լորդ Դարզին զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական և առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, անդրադարձել այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և նորարարական լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում և Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի և ժողովրդի ծառայեցնելու կարևորությունը:
Արա Դարզին նաև Լոնդոնի կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։