Մամուլի հաղորդագրություններ
Մենք բոլորս ծառայում ենք պետականության մշակույթին. պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահական նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ թեև նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում, բայց բոլորը միասին ծառայում են մեկ՝ պետականության մշակույթ ձեւավորելու նպատակին:
«Մենք հոգով, սրտով, մեր ողջ գիտակցությամբ ոչ միայն պիտի ծառայենք մեր պաշտոնին, այլև այն հիմնական արժեքին, որի համար ծնվել ու ապրում ենք, հակառակ դեպքում այս ամենը կլինի ընդամենը ծառայություն: Դուք բոլորդ այսօր ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ եք, սակայն բոլորդ իրականում ծառայում եք մեկ ընդհանուր մշակույթի՝ պետականության մշակույթին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Առիթն օգտագործելով՝ նախագահը շնորհավորել է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց պարտքը կատարում են խղճով, սիրով ու ստեղծագործաբար են վերաբերվում իրենց աշխատանքին և այդ կերպ ցույց են տալիս իրենց մեծ սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ: «Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել բոլոր արվեստագետներին, տարբեր ոլորտների գործիչներին, պետական ծառայողներին, որոնք արժանի են պետական պարգևի»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում առիթ կունենա շատերին շնորհակալություն հայտնել՝ նրանց նվիրման, ստեղծագործական աշխատանքի ու ձեռքբերումների համար: