Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը:
Հայ-եգիպտական հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային և ավանդական ամուր կապերի վրա և վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի։
Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: