Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի արժեքավոր աշխատանքը եւ նշել, որ սա հանդիպում է իսկական բարեկամների հետ:
Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, եւ այս մեծ միջոցառումը եւս մեկ անգամ կխորհրդանշի Հայաստանի եւ Ֆրանսիայի խորքային ամուր կապը:
Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները կարեւորել են տնտեսական կապերի առավել ընդլայնումը:
Նախագահ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Հանրապետության նախագահն ասել է, որ մեր երկրում ժողովրդավարությունը երկխոսությունից ու հանդուրժողականությունից բացի զարգացման այլ ճանապարհ չունի: Հայաստանը ապրում է անցումային շրջանում եւ բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այդ ճանապարհը կանցնի հանդուրժողականության մթնոլորտում՝ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: