11
09, 2018

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես փոխգործակցության ու երկխոսության հարթակ եւ ուրախ է հյուրընկալել կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու երկրի իշխանությունների վճռականությունն ու հավաստիացրել, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք տնտեսական համաժողովին:

Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այն դառնա ավանդական՝ նշելով, որ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ հյուսիսի ու հարավի, արեւմուտքի եւ արեւելքի միջեւ՝ դառնալ ոչ միայն աշխարհագրական, մշակութային, այլեւ տնտեսական կապերի, բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ՝ օտարերկրյա գործարարների ու ներդրողների առջեւ բացելով գործակցության նոր հնարավորություններ: 

← Վերադառնալ