Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը կարևորել է, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում:
Հայաստանի և Արցախի նախագահները խոսել են առկա իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կարևորվել է հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և Սահմանադրության անխաթար պահպանումը: