Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել նաև Երևանի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին:
Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքում կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները: Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ:
Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները:
Սերժ Սարգսյանը կարևորել է առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին:
Նախագահն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է նաև հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ:
Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18,500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով:
Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:
Հայաստանի հյուրանոցաշինության և զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում Նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով: Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»-ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային և ինքնատիպ կահավորմամբ, ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայություների բարձր որակով, հարմարավետությամբ և շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման և կահավորման համար վարկային և այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: