12
10, 2017

Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:
Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

← Վերադառնալ