Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և համագործակցության զարգացման հեռանկարին, խոսել ապագային միտված հարցերի մասին, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան համակարծիք են եղել, որ հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև կրում է մշտական և արդյունավետ բնույթ: