03
12, 2015

Նախագահը հյուրընկալել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և նրա հոբելյանի առիթով Հայաստան ժամանած ռուս մտավորականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին և անվանի մտավորականի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի մեջ են վաստակաշատ գրողներ, դրամատուրգներ, կինոռեժիսորներ, լրագրողներ, հրապարակախոսներ, արվեստի և գրականության բնագավառի մի շարք այլ գործիչներ: Նաև նրանց աջակցությամբ է, որ Մոսկվայի հայտնի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունը լույս է ընծայել Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հումանիտար և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Զորի Բալայանին ծննդյան հոբելյանի, ինչպես նաև նրա ստեղծագործությունների ժողովածուի հրատարակման կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ