12
10, 2015

Նախագահն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, նոր որակ և բովանդակություն են հաղորդում միջպետական հարաբերություներին՝ հնարավորություն ընձեռելով հանգամանորեն քննարկել փոխգործակցության երկկողմ օրակարգը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի այցը նոր շունչ կհաղորդի երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությանը:

Հայ-ինդոնեզական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցության ձևավորումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2013թ. Ջակարտայում Հայաստանի դեսպանության բացումը Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում մեր երկրի ցանկության ևս մեկ վկայություն է:

Սերժ Սարգսյանը և Իրման Գուսմանը կարևորել են նաև Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացումն ու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, այդ նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:


 

← Վերադառնալ