Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում երկու երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, զարգացում են ապրել միջխորհրդարանական հարաբերությունները, որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել առևտրատնտեսական հարաբերութուններում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Քեթրին Լիչին հետագա գործունեության մեջ, հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ կմնա Հայաստանի բարեկամը:
Միացյալ Թագավորության դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և իր աշխատանքին տված բարձր գնահատականի համար:
Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար և հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռքբերած կարևոր փորձից՝ այն օգտագործելով նաև ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության: