02
09, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել նաև Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը:
Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի և Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային և միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ, այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս և 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ:

Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետև այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված՝ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: 225 ուսանողի համար կառուցված եռահարկ ուսումնական կենտրոնը, որ զբաղեցնում է շուրջ 4050քմ մակերես, ունի հանրակրթական առարկաների և արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ:

Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են ԹՈՒՄՈxՀԲԸՄ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը:

ԼՂՀ մայրաքաղաքում «ԹՈՒՄՈ»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում: Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այս հաստատության պայմաններին և ուսուցման ծրագրին: Ըստ պատասխանատուների, ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
 

← Վերադառնալ