Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետև դիտել է տոնական մշակութային ծրագիրը:
Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ: Արժանավորներին գտնելու, գնահատելու և խրախուսելու գործն անչափ կարևոր է յուրաքանչյուր հասարակության համար:
Կարևոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը և ջանքն աննկատ և անարդյունք չեն անցնում: Կարևոր է, քանի որ այն, վերջիվերջո, նաև խրախուսում է ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք և կանգ չառնենք: Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգևներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ և ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։
Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսուհետ ավելի մեծ նվիրումով և ավյունով է լծվելու մեր օջախը շենացնելու, մեր թերությունները շտկելու և ավելի լավ Հայաստան կառուցելու՝ բոլորիս ընդհանուր գործին: Նաև խորապես համոզված եմ, որ մեծ և փոքր գործեր չեն լինում. սիրով կատարված աշխատանքն իսկական երջանկություն է: Դուք արդեն շատ լուրջ ճանապարհ եք անցել այսօր Սարդարապատ հասնելու համար: Հուսով եմ, որ ոչ միայն կանգ չեք առնելու, այլև ճանապարհ եք հարթելու ուրիշների համար, նեցուկ եք կանգնելու այլ մարդկանց նախաձեռնություններին և գաղափարներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և մաղթում հաջողություններ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ: