Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր Նախագահի և խորհրդարանի նախագահի մակարդակով: Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսևորում և ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու և հիշատակելու են այդ փաստը:
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձևավորված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և այդ պատմությունը հայտնի է լավ էջերով: ՀՀ Նախագահը և Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարևորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել և համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Կիպրոսի միջև ամուր հիմքերի և փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը: Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների միջև գործում է հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։