22
05, 2015

Նախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:

Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր:

Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ:

ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար: 

← Վերադառնալ