17
02, 2015

Նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին բարձրաստիճան հանդիպումները պարբերական բնույթ են կրում և նոր շունչ հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով փոխայցերի ժամանակ քննարկել և լուծումներ գտնել հայ-վրացական բազմազան օրակարգի արդիական հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են միջպետական մակարդակում, որտեղ, զրուցակիցների համոզմամբ, խորհրդարանականների դերն անփոխարինելի է:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին կարևորել են նաև քաղաքական գործընկերության նման մակարդակի պարագայում երկու պետությունների կողմից ընթացիկ քաղաքական գործունեության մեջ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Դավիթ Ուսուպաշվիլին գոհունակությամբ է խոսել երևանյան այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Նա ընդգծել է, որ իր այցի նպատակն է՝ ևս մեկ անգամ շեշտել ու հստակ ուղերձ հղել Հայաստանի հասարակությանը, որ անկախ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից, երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները մշտապես միասին են, կողք-կողքի: «Մենք ապրում ենք այնպիսի լարված տարածաշրջանում և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, որ մեր ժողովուրդների համար չափազանց կարևոր են խաղաղությունն ու կայունությունը: Համոզված եմ՝ որքան հաճախակի մենք հանդիպենք և հստակ արտահայտենք մեր դիրքորոշումները, օպերատիվ արձագանքենք առաջացող խնդիրներին, այնքան կնպաստենք մեր ժողովուրդների միջև բարեկամության և միջպետական կապերի առավել ամրապնդմանը»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նրա խոսքով, իր այս այցը ևս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Վրաստանի և Հայաստանի միջև չեն կարող լինել հիմնախնդիրներ, կան հարցեր, որոնք լուծելի են բանակցությունների ճանապարհով:

«Մեր երկրների հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս անկեղծորեն և անկաշկանդ քննարկել բոլոր հարցերն ու համատեղ լուծման ուղիներ գտնել՝ պահպանելով ամուր բարեկամությունը: Հայաստանը մշտապես կարևորում է Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում»,- իր հերթին շեշտել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին ու առկա մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին խոսել են նաև Վրաստանի տարածքում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հետ կապված հարցերի, Վրաստանի նոր արտոնագրային քաղաքականության իրականացման արդյունքում այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առաջացող որոշակի խնդիրների մասին ևս, քննարկել լուծման հնարավորությունները:
 

← Վերադառնալ