Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը
***
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները հայ-ֆրանսիական գործարար համաժողովի մասնակիցների հարցերին
Ֆիլիպ Գոթիե, Գործատուների ֆրանսիական միության գլխավոր տնօրեն - Ինչպես արդեն հայտնի է, մոտ ապագայում Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, որը հնարավորություն կընձեռի հայկական ընկերություններին ավելի դյուրացված կարգով մուտք գործել 200 միլիոն սպառող ունեցող Մաքսային միության շուկա: Ինչպիսի՞ առավելություններ կունենան ֆրանսիական ընկերությունները Հայաստանի միջոցով այս շուկայի հետ համագործակցելիս, և այս առումով ի՞նչ է անելու Հայաստանը՝ ֆրանսիական ընկերություններին գրավելու ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյան – Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնենք: Մաքսային միության հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը՝ որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում: Փաստորեն, Դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում եմ նաև նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է նաև արտոնությունների ընդհանուր համակարգից, այդպես է, չէ՞, GSP+-ը, և ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանն օգտվելու 700 միլիոնանոց շուկայից, իսկ սա, կարծում եմ, կարևոր հանգամանք է: Բացի դրանից, Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել Հանրապետություն, ինչը բավականաչափ մեծ խթան է հանդիսանում: Փաստորեն, Մաքսային միության անդամներին այդ կազմակերպությունը 30 տոկոսանոց զեղչ է կատարում վառելիքի, գազի, բենզինի և այլնի վրա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաև մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միությանն անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում: Ուզում եմ այստեղ բոլորի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ, տեղյակ չլինելով կառավարության քաղաքականությանը, տեղյակ չլինելով այն մանրամասներին, որոնցով զբաղվում է կառավարությունը, փորձում են լուրեր տարածել, որ Մաքսային միությանն անդամակցումը կարող է խոչընդոտել ներդրումային գործընթացին, որովհետև որոշակի ապրանքատեսակների, այդ թվում նաև հումքերի վրա պետք է կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք: Ուզում եմ ասել, որ նախ՝ հիմնական հումքերի և ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային գործընթացում ունենք պայմանավորվածություններ. սա՝ մեկ, և երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն՝ կապված հումքի ներմուծման հետ: Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել: Հայաստանն առաջարկում է օտարերկրյա և առաջին հերթին՝ ֆրանսիացի գործարարներին 30 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություն, արագ գտնել մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետների և եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աշխատավարձը բարձր չէ՝ միջին աշխատավարձը կազմում է 300 եվրո, ապա կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, կարելի է լավ բիզնես անել: Ընդ որում, մենք ծրագրեր ունենք ինչպես խոշորածավալ, օրինակ, Հայաստանում սկսելու պղնձաձուլարանի կառուցումը, ինչը շատ խոշոր ծրագիր է նույնիսկ մեծ ընկերությունների համար, որովհետև սկսած այս տարվա սեպտեմբերից Հայաստանը արտադրելու է 80-100 հազ. տոննա պղինձ՝ խտանյութում: Սա արդեն այն քանակն է, որը վերամշակման մեծ կարիք ունի, վերջացրած փոքր ծրագրերից, օրինակ, ջերմոցաշինության և գյուղատնտեսական մթերքների արտադրության փորձը: Իսկ ֆրանսիացի գործարարների համար մենք պատրաստակամ ենք մեր ուշադրությունը հավելյալ ավելացնել:
Ֆրանսիս Ժելիբտեր, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն - Պարո՛ն Նախագահ, Հայաստանում գործող ընկերությունները գնահատում են Ձեր և Հայաստանի կառավարության հետաքրքրվածությունը երկրում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացմամբ:
Կարո՞ղ եք ներկայացնել այն տարբեր միջոցառումները, որոնք մտադիր են իրականացնել հայկական իշխանությունները՝ թափ հաղորդելու բարձր տեխնոլոգիաների արտադրության և այդ ոլորտում ծառայությունների զարգացումը Հայաստանում:
Համացանցի զարգացման հետ կապված՝ արդյո՞ք դուք խրախուսելու եք կառավարության կենտրոնական, տարածքային և մեծ քաղաքների մակարդակներում էլեկտրոնային կառավարման հետագա ներդրմանը:
Եթե այո, արդյո՞ք կարծում եք, որ Ֆրանսիական կապիտալով ընկերությունները, ինչպիսին «Օրանժն» է, կկարողանան մասնակցել էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրմանը:
Նախագահ Սերժ Սարգսյան –Միանգամից պետք է ասեմ, որ մենք ուրախ ենք, որ «Օրանժը» Հայաստանում է, ուրախ ենք, որ «Օրանժը» տարեցտարի ընդլայնում է իր ծառայությունները՝ մի կողմից, իհարկե, մատուցելով որակյալ ծառայություններ մեր բնակչությանը, մյուս կողմից՝ կամաց-կամաց արդեն մտնելով զուտ բիզնես դաշտ, որպեսզի կարողանա ետ վերադարձնել իր ներդրումները: Ակնհայտ է, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, անհնար է ունենալ արդյունավետ կառավարում և ժամանակակից կենցաղ: Հենց այդ պատճառով Հայաստանի կառավարությունը որդեգրել է, այսպես ասած, էլեկտրոնային կառավարության մոդելը, և տարեցտարի տեխնոլոգիաները օգտագործվում են տարբեր ոլորտներում ու շատ արդյունավետ: Ես կարող եմ օրինակ բերել հարկային հաշվետվողականությունը, այսինքն՝ հարկերի էլեկտրոնային վճարումը, կարող եմ օրինակ բերել մեր կադաստրը, կարող եմ օրինակ բերել մեր մի քանի ոլորտներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ գնումների ոլորտը, ձեռնարկությունների գրանցման և այլն, բազմաթիվ են դրանք: Արդյունքում, իհարկե, մենք ունենալու ենք էլեկտրոնային կառավարությունը, և այդ ոլորտներին անցումները մենք կատարում ենք հրապարակային մրցույթների միջոցով, և շատ ուրախ կլինենք, եթե «Օրանժը» մասնակցի այդ մրցույթներին, շահի և, իհարկե, ինքը մասնակցի էլեկտրոնային կառավարության ստեղծմանը: Մենք համարում ենք, որ, իրոք, որոշակի հաջողություններ այս բնագավառում ունենք, բայց մյուս կողմից էլ խորապես համոզված ենք, որ կիլոմետրերով ետ ենք մնում զարգացած երկրներից: Ահա այս տարբերությունը մենք պետք է կրճատենք, և մենք վճռական ենք դա անելու: Մենք, անշուշտ, մեկ անգամ ևս ասեմ, այո՛, պատրաստ ենք նաև անհատական գործիքներ առաջարկելու մեր ներդրողներին: Գոնե «Օրանժն» այդ մասին գիտի: Հայաստանն այնքան փոքրիկ երկիր է և այնքան փոքրիկ տնտեսություն ունի, որ Հայաստանի և՛ Նախագահը, և՛ վարչապետը, առավել ևս՝ կառավարության անդամները մշտապես ժամանակ կգտնեն նույնիսկ միջին ներդրողի համար, որպեսզի ծանոթանան նրա խնդիրներին և փորձեն օժանդակել՝ մինչև պետական համակարգն ամբողջովին կաշխատի:
Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն – Սինոփսիսն ամերիկյան ընկերություն է համաշխարհային առաջատար միկրոսխեմաների նախագծման ասպարեզում և վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ներդրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի նորագույն տեխնոլոգիաներ, և այժմ մենք մեր հազար հոգանոց թիմով Հայաստանի ամենամեծ գործատուն ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Եվ ասեմ, որ մեր գործատուն առավել քան գոհ է իր բիզնես գործառույթներից Հայաստանում, քանի որ ցածր ինքնարժեքով կարողանում է ստեղծել բարձրորակ ինտելեկտուալ արտադրանք: Իմ հարցը ես ուզում եմ հղել երկու նախագահներին: Մեծարգո պարոն նախագահներ, հայտնի է, որ Հայաստանը աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով իր հիմնական շեշտադրումներն անում է բարձրարժեք արտադրություններում, մասնավորապես՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաներում, ռոբոտաշինության և դեղագործության և նմանատիպ այլ ոլորտներում: Ֆրանսիան աշխարհի այն առաջատար երկրներից է, որը պարբերաբար օգտագործում է ինովացիաները, նորարարական տեխնոլոգիաները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրների կառավարությունները, որպեսզի կարողանան նոր զարգացման փուլի հասցնեն այս ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև նպաստեն, ինչու չէ, երկու երկրների համատեղ ձեռնարկությունների կայացմանը և ստեղծմանը Հայաստանում:
Նախագահ Սերժ Սարգսյան – Կարճ պատասխանը հետևյալն է, պարո՛ն Մուսայելյան՝ մենք անընդհատ պետք է կատարելագործենք գործարար միջավայրը, սա է այն ճանապարհը, որով մենք կարող ենք ինչպես գրավիչ դարձնել ներդրումային պայմանները, այնպես էլ խթանել տնտեսական աճը Հայաստանում: Ինչ վերաբերում է ինովացիաներին, Դուք շատ հստակ գիտեք, որովհետև ես հայտարարել եմ, հիմա էլ բոլորի ներկայությամբ հայտարարում եմ՝ այն ընկերությունները, որոնք Հայաստանում կարտադրեն նորարարական հիմքերի վրա արտադրանք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել, օրինակ՝ տևական ժամանակով ազատել շահութահարկից: Մենք կարող ենք նաև այլ առաջարկություններ անել, կարևորն այն է, որպեսզի գտնենք այդպիսի ընկերություն, մեր ունեցած ծրագրերով մարդկանց ոգևորենք, վստահություն ներշնչենք, որպեսզի նրանք գան և Հայաստանում ստեղծեն նոր արտադրանք: Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրը:
***
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը
Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացման արարողությանը
Մեծարգո´ պարոն Նախագահ,
Հարգարժա´ն տիկնայք և պարոնայք նախարարներ, խորհրդարանականներ,
Հարգելի´ տիկնայք և պարոնայք Հայաստանի և Ֆրանսիայի ձեռնարկությունների ղեկավարներ,
Առաջին անգամն է, որ այսօրինակ միջոցառում է կազմակերպվում Ֆրանսիայի Նախագահի մակարդակով Հայաստան կատարվող այցի շրջանակում:
Մեր երկրների միջև պարբերական հաճախականությամբ բարձրաստիճան քաղաքական հանդիպումներ տեղի են ունենում տարիներ ի վեր:
Սակայն մինչ օրս հնարավորություն չենք ունեցել մեր քաղաքական կամքը դրսևորել՝ ի շահ գործարար նոր կապերի, գործընկերությունների ձևավորման: Այդպիսի առիթ ունենք այսօր՝ Հայաստան իրականացվող իմ պետական այցի շրջանակում:
Ինչպես նշեց մեծարգո պարոն Նախագահ Սերժ Սարգսյանը, ինքս էլ ցանկանում եմ վերստին ընդգծել, որ Հայաստանում տարիներ ի վեր հաստատված են ֆրանսիական բազմաթիվ ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել և հաջող գործունեություն են ծավալում Ձեր երկրում: Խոսքս ֆրանսիական այնպիսի ընկերությունների մասին է, ինչպիսիք են՝ «Պեռնո Ռիկար»-ը, «Կրեդի Ագրիկոլ»-ը, «Քարֆուր»-ը, «Օրանժ»-ը, «Ֆրանսիական ավիաուղիները», «Վերիտաս» ընկերության հայաստանյան գրասենյակը և շատ այլ ընկերություններ, որոնց մասին հիշատակեց Նախագահ Սարգսյանը:
2013թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեցինք այսօրվա տնտեսական համաժողովի կազմակերպման մասին և Հայաստան կատարվող իմ այցը, որպես կարևոր ազդակ, ի սպաս դնել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հայ-ֆրանսիական տնտեսական ցուցանիշները բարելավելու անհրաժեշտություն է նկատվում, անգամ եթե Ֆրանսիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով եվրոպական երկրների թվում առաջին տեղն է զբաղեցնում:
2007թ.-ից ի վեր ֆրանսիական ներդրումները Հայաստանում կազմում եմ ԵՄ երկրների կողմից կատարված ներդրումների կեսից ավելին: Սակայն համաձայն վիճակագրության՝ դրանք շատ համեստ են՝ տարեկան 120 մլն եվրո:
Անշուշտ, ֆրանսիական ընկերությունները, հանձինս վերը թվարկված ձեռնարկությունների, Հայաստանում գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության, բանկային ոլորտի, հեռահաղորդակցության տրանսպորտի և մթերային/կենցաղային արտադրանքի վաճառքի ոլորտներում: Այդուհանդերձ մեր առևտաշրջանառությունը տարեկան կազմում է ընդամենը 50 մլն եվրո: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի 10-րդ ներմուծողը, ինչն, իր հերթին, տեղական շուկայի 2%-ից քիչ ցուցանիշ է կազմում:
Մի կողմից հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը, ինչպես նաև Հայաստանում և Ֆրանսիայում մի շարք միջոցառումներին մեր մասնակցությունը, որոնք վկայում են այդ բարեկամության մասին, Ֆրանսիայում բնակվող շուրջ 500.000 հայկական համայնքը, իսկ մյուս կողմից տնտեսական դաշտում արձանագրելով այսպիսի արդյունքներ՝ հասկանում ենք, որ տնտեսական համագործակցության առումով երկար ճանապարհ ունենք անցնելու:
Այսօրվա միջոցառումը հենց այն ճանապարհն է, որ որոշել ենք անցնել միասին: Ուրախ եմ, որ ինձ ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված են ֆրանսիացի պատգամավորներ, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև տեղական իշխանությունների ղեկավարներ: Գովելի է, որ նրանք նույնպես հանձնառու են վերոնշյալ նպատակների իրագործմանը:
Ինչ պետք է անենք: Նախ և առաջ` պետք է առավել լավ ճանաչելի դարձնել Հայաստանյան շուկան և այստեղ առկա հնարավորությունները: Հայաստանում նաև Ֆրանսիայի տնտեսական դիվանագիտությունն իրականացնելու հարցում դերակատարություն ունի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: Այս առումով պետք է ակտիվ լինի նաև ֆրանսիական «Ubifrance» գործակալությունը, որն իրավասու է ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացմամբ:
Պետք է համապարփակ տեղեկատվություն հաղորդենք Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հաստատման գործընթացները պարզեցնելու համար: Պետք է այնպես անել, որպեսզի մեր երկու երկրների համար վերոնշյալ քայլերը հնարավորինս ավելի պարզ ու թափանցիկ լինեն, որպեսզի ոչ մի առևտրային ծրագիր չխոչընդոտվի, որպեսզի տեղեկատվական ոչ մի պակաս չլինի: Չլինի ժամանակի կորուստ տնտեսական որոշման և դրա կենսագործման ճանապարհին:
Հայաստանում գործում է նաև հայ-ֆրանսիական գործարար ակումբ, որը նույնպես մասնակցություն է ունեցել այս ֆորումի կազմակերպման գործում: Այն պետք է կարճ ժամկետներում ամրապնդի իր դիրքերը:
Միաժամանակ դիմել եմ նաև այս այցի ընթացքում ինձ ուղեկցող Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի ֆրանսահայերը նույնպես ներգրավվեն մեր կողմից նախանշված աշխատանքներում:
Կարծում եմ, որ բազմաթիվ ֆրանսահայ ձեռնարկատերեր նույնպես պետք է իրենց փորձն ու հմտությունները բերեն Հայաստան և դա անեն իրենց հայրենիքի հանդեպ հանձնառության կանչով:
Հայաստանը դինամիկ, տպավորիչ զարգացում է ապրում, մենք այդ մասին խոսել ենք Նախագահ Սարգսյանի հետ: Այդուհանդերձ արձանագրված աճը սահմանափակ է:
Ըստ այդմ, հարկավոր է Հայաստանի տնտեսություն բերել որոշակի ծավալի արտադրանք, տեխնոլոգիաներ, մեր հմտությունները, և դա պետք է անենք հայաստանյան և ֆրանսիական ձեռնարկությունների միջև գործարար կապերի ձևավորման միջոցով:
Ես հանձնարարել եմ Զարգացման ֆրանսիական գործակալությանը՝ մի շարք ծրագրեր ֆինանսավորել Հայաստանում՝ բնակարանային, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման, և, մասնավորապես ոռոգման ոլորտներում: Համագործակցության այս ոլորտներում որոշակի համաձայնագրեր ստորագրվել են և ստորագրվելու են:
Միաժամանակ ցանկանում եմ, որպեսզի ջանքեր գործադրենք բարելավելու համար Հայաստանի տնտեսական գրավչությունը: Գիտեմ, պարոն Նախագահ, որ այդ նպատակին նույնպես նպաստում եք՝ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների միջոցով:
Տնտեսական բարեփոխումները պետք է իրականացնել թե´ Ֆրանսիայում՝ մեր ռիթմով և մենք դա անում ենք, թե´ Հայաստանում:
Հաճախ բարեփոխումները կապակցվում են Եվրոպայի հետ: Պետք է բարեփոխումներ անել՝ անկախ եվրոպական հեռանկարից: Բարեփոխումներ պետք է իրականացնել, քանի որ դրանք նպաստում են երկրի մրցունակությանն ու գրավչությանը: Բարեփոխումներ պետք է անել տնտեսելու և ավելի մեծ ներդրումներ կատարելու համար հեռանկարային բնագավառներում:
Հարկավ Հայաստանը նույնպես եվրոպական հեռանկար ունի, որի մասին, Պարոն Նախագահ, վերահաստատել եք 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում:
Ես ուշադիր եմ, որպեսզի Հայաստանին երկու ընտրության առջև չկանգնեցնենք, որն ի վերջո հակասություն կստեղծի՝ ի դեմս Ձեր երկրի շահերի:
Մենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ այդ մասին նույնպես խոսել ենք 2013թ. հոկտեմբերին՝ Ֆրանսիա կատարած նրա վերջին այցի ընթացքում և այստեղ ժամանման ճանապարհին:
Մենք պետք է ստեղծենք Եվրոպա-Հայաստան համագործակցության ասոցիացիա, բայց այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարներին:
Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը միաժամանակ կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին և որը ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության և ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում:
Եվրոպայի հետ համագործակցությունը պետք է նաև ներդրումներ ներգրավելու խթան հանդիսանա Հայաստանի համար: Ֆրանսիան այդ հարցում կարող է առաջամարտիկ լինել, քանի որ Ֆրանսիան այդպիսին լինելու հանձնառություն ունի և հանդիսանում է առաջամարտիկ:
Ֆրանսիան առաջամարտիկ է նաև Հայաստանի հետ բազմաթիվ հարցերում, այդպիսին պետք է լինի նաև Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում: Դրա ցայտուն օրինակին մենք ականատես կլինենք վաղը, երբ տեղի կունենա ֆրանսիական խոշոր ընկերության՝ «Քարֆուր»-ի հիմնարկեքը:
«Քարֆուր»-ն ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին և լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում: Սա մեծապես խրախուսող քայլ է և մենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ միասին կայցելենք «Քարֆուր», կտեսնենք այնտեղ առաջարկվող ֆրանսիական և հայկական արտադրանքը:
Ցանկանում եմ նաև, որպեսզի «Քարֆուր»-ի հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին Ձեր երկրում ներդրումներ կատարելու համար և ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում:
Սա Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման գրավականն է, որին պետք է նպաստենք:
Հայաստանին անհրաժեշտ են նաև համապատասխան կադրեր, տեխնիկական մասնագետներ, որոնք կաջակցել Ձեր երկրի զարգացմանը: Սա կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համար:
Հաճախ մտածում են, որ բավական է ընկերություն հիմնել տվյալ երկրում՝ մեր առևտրաշրջանառությունն ու ներդրումները խթանելու համար: Ոչ: Պետք է ակնկալվող արդյունքների համար նախադրյալներ ստեղծել, որոնցից լավագույնը կադրերի, տեխնիկական մասնագետների, համապատասխան աշխատուժի պատրաստումն է:
Դրա համար այս այցի ընթացքում ցանկանում եմ, որպեսզի ամրապնդենք ֆրանսիական ներկայությունը՝ կադրերի պատրաստման առումով՝ հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմների վրա, ես նկատի ունեմ, իհարկե, Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Ցանկանում եմ, որպեսզի ֆրանսիական ընկերությունների օգնությամբ մասնագիտական պատրաստման կենտրոններ ստեղծվեն Հայաստանում:
Ահավասիկ, տիկնայք և պարոնայք իմ այցի իմաստը, որը քաղաքական բովանդակալից հարաբերությունների, բարեկամության նշանավորման լույսի ներքո է ընթանում, ցանկանում եմ, որպեսզի այն նաև տնտեսական բովանդակություն ունենա:
Մենք կարծում ենք, որ Հայաստանը ընտրությունների առջև է կանգնած, որոնք նրան պետք է ուղղորդեն դեպի արագացված զարգացում: Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական ոչ դյուրին վիճակում: Կյանքում ինքդ քեզ հետ լեզու գտնելն արդեն դժվար է, իսկ ապրել հարևանների հետ՝ ավելի քան դժվար:
Ուրեմն պետք է «բացել» Հայաստանը, սա է նաև այս այցի նպատակը՝ քաղաքական հարցերի քննարկումը: Բաց Հայաստանի դեպքում կխթանվի երկրի տնտեսական զարգացումը: Պետք է այս երկու լուծումները նույն ուղղությամբ ընթանան: Չտարանջատենք, սա է Հայաստանին օգուտ բերելու պատգամը:
Հաշվի առնելով, որ այս այցն, առաջին հերթին, բարեկամական այց է և դրա նպատակներից մեկն էլ Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հաստատման խթանումն է: Ես բարձր եմ գնահատում նաև ֆրանսիական այն ընկերությունների գործունեությունը, որոնք ներկա են Հայաստանում և գործում են այստեղ:
Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան ցանկանում է օգտակար լինել Հայաստանին:
Շնորհակալություն:
***
Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ընթացքում
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հարցերի պատասխանները
«Լիքվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյան - Մի շարք հայաստանյան ընկերություններ շահագրգռված են մուտք գործելու Եվրամիության և, մասնավորապես, Ֆրանսիայի շուկա: Այս գործընթացին նպաստում է, ինչպես ասաց մեր Հանրապետության Նախագահը, ՋիՍիՓի+ առևտրային ռեժիմը: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ աջակցություն ֆրանսիական կառավարությունից և համապատասխան մարմիններից կարող են ակնկալել այդ ընկերությունները՝ ավելի լայն ներկայացնելու իրենց ապրանքատեսակը Ֆրանսիայի և Եվրամիության շուկաներում:
Նախագահ Ֆրանսուա Օլանդ - Ինչպես ասացիք, հետաքրքրված եք ԵՄ շուկա Ձեր արտադրանքն արտահանելու հեռանկարով: Այդ ցանկությունը պետք է առարկայանա: Ֆրանսիան կաջակցի Հայաստանի քայլերին` դեպի եվրոպական շուկա հնարավորինս ազատ մուտք ունենալու համար, որը, բնականաբար, չի սահմանափակվում միայն Ֆրանսիայով:
Ձեր բարձրաձայնած խնդիրների առնչությամբ, որոնց իմաստն, ի դեպ, համընկնում է քիչ առաջ Նախագահ Սարգսյանին հասցեագրված հարցի հետ, պետք է ասեմ, որ դեպի ծով ճանապարհ չունենալու, նաև փակ սահմանների պատճառով` Հայաստանի տնտեսության արտահանման ուղիները սահմանափակ են: Այդ հանգամանքներով պայմանավորված` առևտրային փոխանակումներն ավելի ծախսատար են: Ձեր երկիրը, ունենալով որոշակի օգտակար հանածոներ, չունի նավթի և գազի պաշարներ: Այդ պատճառով, կրկնում եմ, առևտրային ծախսերը շատ են:
Եվրոպան պետք է հասկանա այդ իրողությունը: Հայաստանը տնտեսական և քաղաքական առանձնահատկություն ունի, ինչը յուրահատուկ մեխանիզմներ է պահանջում:
Առաջիկայում կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպական հանձնաժողովում Ֆրանսիան աջակցելու է, որպեսզի յուրահատուկ մեխանիզմ գտնենք Հայաստանի համար:
Մաքսային Միությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: Հաշվի առնելով Հայաստանի այս առանձնահատուկ վիճակը` մենք պետք է է´լ ավելի ամրապնդենք եվրոպական տարածքում Հայաստանին ընձեռված առևտրի արտոնյալ ռեժիմները, որպեսզի հայաստանյան արտադրանքը հնարավորիս հեշտորեն կարողանա մուտք գործել եվրոպական շուկա:
Չեմ կարծում, որ մեծ հեղափոխություն պետք է արվի իրավական մեխանիզմների առումով, քանի որ մինչ օրս Ասոցացման համաձայնագիրն ուղղակի տնտեսական հետևանքներ չի ունեցել, որոնք սահմանված էին Արևելյան գործընկերության ծրագրով:
Մենք կարող ենք հարմարեցնել Ասոցացման համաձայնագրի կառուցվածքը և գտնել յուրահատուկ մեխանիզմներ Հայաստանի համար, համենայն դեպս, Ֆրանսիան այդ ուղղությամբ է աշխատելու ԵՄ կառույցներում առաջիկա քննարկումների ընթացքում:
Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն – Սինոփսիսն ամերիկյան ընկերություն է համաշխարհային առաջատար միկրոսխեմաների նախագծման ասպարեզում և վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ներդրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի նորագույն տեխնոլոգիաներ, և այժմ մենք մեր հազար հոգանոց թիմով Հայաստանի ամենամեծ գործատուն ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Եվ ասեմ, որ մեր գործատուն առավել քան գոհ է իր բիզնես գործառույթներից Հայաստանում, քանի որ ցածր ինքնարժեքով կարողանում է ստեղծել բարձրորակ ինտելեկտուալ արտադրանք: Իմ հարցը ես ուզում եմ հղել երկու նախագահներին: Մեծարգո պարոն նախագահներ, հայտնի է, որ Հայաստանը աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով իր հիմնական շեշտադրումներն անում է բարձրարժեք արտադրություններում, մասնավորապես՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաներում, ռոբոտաշինության և դեղագործության և նմանատիպ այլ ոլորտներում: Ֆրանսիան աշխարհի այն առաջատար երկրներից է, որը պարբերաբար օգտագործում է ինովացիաները, նորարարական տեխնոլոգիաները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրների կառավարությունները, որպեսզի կարողանան նոր զարգացման փուլի հասցնեն այս ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև նպաստեն, ինչու չէ, երկու երկրների համատեղ ձեռնարկությունների կայացմանը և ստեղծմանը Հայաստանում:
Նախագահ Ֆրանսուա Օլանդ - Նախ և առաջ շնորհավորանքներս` Հայաստանում Ձեր ներդրումների համար: Ինչպես հասկացա, Ձեր հարցը նորարարական բնագավառի արդյունաբերության, մասնավորապես նորարարական, թվային տեխնոլոգիաների մասին է:
Մենք համարում ենք, որ այս բնագավառն իր դինամիզմով առաջիկա տարիներին որոշիչ, ես կասեի, տնտեսական մրցակցության առաջնային դերակատարություն է ունենալու երկրների միջև:
Սա կարողություն է, որը մեզ թույլ կտա ունենալ ոչ միայն բարձր տեխնոլոգիաների կայացած ցանց, այլ նաև ձեռք բերել կիրառական գերզարգացած մեխանիզմներ և բարձրակարգ ձեռնարկություններ:
Ձեր հարցին պատասխանելով` նշեմ, որ կարող ենք աջակցության մեխանիզմներ ներդնել` նախատեսված սկսնակ ընկերությունների համար. դրանք կարող են թե՛ լինել նորարարական, թե՛ թվային տեխնոլոգիաների բնագավառներում առաջին քայլեր անող ձեռնարկություններ:
Ֆրանսիայում որոշակի ֆրանսիական ընկերություններ և ձեռնարկություններ գործում են այդ ոլորտներում: Նրանք կարող են օգնել մասնագետների պատրաստման, վերապատրաստման գործում` միաժամանակ այդ ուղղությամբ ֆինանսավորում կատարելով:
Ոլորտի ֆրանսիական գերզարգացած խոշոր ձեռնարկությունները կարող են օժանդակել նորարարական, թվային տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը: Այսօր այստեղ ներկա են ֆրանսիական երկու ձեռնարկություններ, որոնք ցանկանում են հաստատվել Հայաստանում և հնարավոր է, նրանք կարող են աջակցության վերոնշյալ մեխանիզմները կիրառել հայաստանցի երիտասարդների կողմից Ձեր երկրում տվյալ ոլորտի ընկերությունների հիմնադրման և զարգացման գործում: Մենք կարող ենք այդ նույն աջակցությունը ցուցաբերել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, որն այստեղ ներկայացված է, քանի որ շատ կարևոր է, որ պատրաստենք, վերապատրաստենք երիտասարդ կադրերին` նրանց հնարավորություն ընձեռելով իրականացնել այդ հեռանկարները:
Եզրափակելով ասեմ, այստեղ, Հայաստանում, ներդրված մեխանիզմի առկայության դեպքում` Ֆրանսիայի իշխանությունները կարող են այդ հարցում աջակցության կարգով մասնակցել: