23
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:

Հանրապետության Նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը և նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
 

← Վերադառնալ