01
02, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է երեկ կեսգիշերին մահափորձի ենթարկված և մի քանի ժամ առաջ վիրահատության ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել նրան և մաղթել շուտափույթ ապաքինում:

Առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուն ասել է, որ վիրահատությունից հետո ավելի լավ է զգում իրեն և ժամ առ ժամ ապաքինվում է: Պարույր Հայրիկյանը, հիշողությանն ապավինելով, Նախագահին ներկայացրել է դեպքի մանրամասները:

Սերժ Սարգսյանն այցի ավարտին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեպքի կապակցությամբ խոսել է նաև լրագրողների հետ. «Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ: Ակնհայտ է՝ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործներին: Մեր բժիշկներն արդեն շատ բան են արել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանն ապաքինվելու է: Բոլորին խնդրեք, թող Պարույրին առողջություն մաղթեն»,-ասել է Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ