29
11, 2012

Նախագահն ընդունել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի և հավատարիմ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը, ընդգծել նրա ակտիվ և շահագրգիռ գործունեությունը միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս երկու երկրների խորհրդարանականների սերտ փոխգործակցության մասին:

Նիկոլայ Ռիժկովը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում այսօր կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի արդյունքները, կարևորել հանձնաժողովի առաքելությունը ոչ միայն խորհրդարանների, այլ նաև երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովին և հույս հայտնել, որ համանախագահների գլխավորությամբ հայ և ռուս խորհրդարանականները այսուհետ ևս նույնպիսի արդյունավետությամբ և շահագրգռությամբ կշարունակեն իրենց գործունեությունը:
 

← Վերադառնալ