27
11, 2012

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԺ նախագահի ու խորհրդարանականների հետ և հանդես եկել ելույթով

 

Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:

Միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջև, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարևորվել է նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Լիբանանի խորհրդարանականների համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի և Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին և այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի ԱԺ նախագահին ներկայացրել է մեր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:

Լիբանանի Հանրապետության Աժ նախագահի և խորհրդարանականների հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի և Լիբանանի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Մեծարգո՛ պարոն Բերրի,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ վերստին գտնվելու բարեկամ Լիբանանում, մի երկրում, որը հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար երկրորդ հայրենիքի նշանակություն ունի: Օգտվելով առիթից՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, իմ լավ բարեկամ Նաբիհ Բերրիին` այս հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև հնարավորության համար՝ ձեզ հետ կիսելու հայ-լիբանանյան համագործակցության մեր նպատակադրումները, ինչպես նաև միջազգային մի շարք հարցերի շուրջ Հայաստանի տեսակետները:

Հայ-լիբանանյան հարաբերությունները սոսկ գործընկերային չեն, այլ՝ բարեկամական, քանզի Հայաստանը և Լիբանանը կապված են դարավոր բարեկամության և պատմամշակութային ամուր կապերով: Հայաստանն ու Լիբանանը դեռևս վաղ ժամանակներից են սկսել իրենց համատեղ ընթացքը պատմության քառուղիներում: Հաճախ են զուգակցվել մեր ժողովուրդների ճանապարհները, պատմությունը, ճակատագիրը, մշակույթը: Պատմությունը փաստել է, ճակատագիրը` կամեցել, իսկ մշակույթը` համադրել այդ ամենը: Արդյունքը` հայ-լիբանանյան ամուր բարեկամությունն է:

Մենք միշտ երախտագիտությամբ ենք հիշելու լիբանանցի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց իր հողի վրա ապրող ու արարող հայ ժողովրդի ստվար հատվածը: Հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական Լիբանանը դարձավ այն հանգրվաններից, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով և ինտեգրվելով Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ կարողանալով պահպանել ազգային հարուստ մշակույթն ու արժեքները:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի Լիբանանի խորհրդարանի նախագահ հարգարժան Նաբիհ Բերրիին և խորհրդարանի անդամներին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ և ընդունել է այն դատապարտող բանաձևեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի իշխանություններն անկախության առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել արաբական աշխարհի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Արաբական երկրներում են բացվել մեր առաջին դեսպանությունները: Իհարկե վերոհիշյալ պատճառներով Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի և հայերիս համար առանձնահատուկ տեղ ունի: Մենք դիտարկում ենք Լիբանանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի թանկ բարեկամ և հուսալի գործընկեր:

Այս տարին նշանավորվում է Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակով: Այցիս ընթացքում առիթներ եմ ունեցել խոսելու մեր քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, մարդկային շփումների բարձր մակարդակի մասին: Այստեղ ցանկանում եմ հատկապես կանգ առնել Հայաստանի և Լիբանանի խորհրդարանական կապերի զարգացման վրա, որոնք առաջիններից էին հայ-լիբանանյան նորօրյա հարաբերություններում՝ համաձայնագրով ամրագրված դեռևս 1993թ-ին: Սրա համար կարծում եմ նաև անձամբ Ձե՛զ ենք պարտական, պարոն Բերրի, Ձե՛զ, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մշտապես եղել եք հայ-լիբանանյան համագործակցության և եղբայրության առաջին գծում: Այսօր էլ հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը դինամիկ բնույթ ունի:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր օրերում գրեթե անհնար է միայնակ, առանց ընկերների աջակցության արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Վերջիններիս փոփոխական բնույթն ու աշխարհագրական սփռվածությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ պետությունների միջև համագործակցությունը դարձել է ժամանակի հրամայական: Մեզ ուղղորդում է այն համոզմունքը, որ բոլորս ենք պատասխանատու մեր աշխարհում խաղաղության և բարօրության հաստատման համար: Քաջ գիտակցելով արդի մարտահրավերների լրջությունն ու վերազգային բնույթը՝ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բարիդրացիության սկզբունքի հիման վրա բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցության ուղին:

Հարգելի՛ բարեկամներ,

Ցավոք, թե՛ Հարավային Կովկասը և թե՛ Մերձավոր Արևելքը շարունակում են մնալ պայթյունավտանգ՝ լի խորքային հակասություններով ու հակամարտություններով: Հայաստանն անհանգստացած է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով. դրանք այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել մեզ համար և դարձել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց: Արաբական աշխարհը թևակոխել է անցումային մի բարդ շրջան, որը հաղթահարելու համար մեծ համբերություն, տոկունություն և հավատ է պահանջվում: Ծավալված ժողովրդական հուզումների ալիքը, որ դժբախտաբար անարյուն չի ընթանում, պայմանավորված է մի շարք խորքային գործոններով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ: Դրանք թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ քաղաքական բնույթ ունեն: Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեինք, թերևս այդ գործընթացների հիմքում ընկած է ազգաբնակչության աճող պահանջների բարելավմանն ուղղված պետական կառույցների բարեփոխման և արդիականացման անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում էլ իշխանությունների անպատրաստ լինելը նման բարեփոխումներին: Արդյունքում մի շարք երկրներ հայտնվել են այնպիսի մարտահրավերների առջև, ինչպիսիք են կառավարման համակարգի ընտրությունը, սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական, նախագահական ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և այլն: Սակայն թիվ մեկ մարտահրավերը խաղաղության և կայունության հաստատումն է, բռնությունների դադարեցումը:

Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայի ժողովրդի ճակատագրով: Շարունակվող զինված ընդհարումներն ու ահաբեկչական գործողությունները պարզապես անընդունելի են: Հնարավոր չէ առանց ցավի հետևել, թե որքան արյուն է թափվում և ինչպես է օր օրի ավերվում այդ երկիրը: Ստեղծված իրավիճակը, համոզված եմ, արդյունք է նաև այն բանի, որ որոշ տարածաշրջանային պետություններ չեն խորշում իրենց խնդիրները լուծել սիրիացի ժողովրդի արյան գնով: Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման և հենց իրենց` սիրիացիների կողմից ճգնաժամի խաղաղ կարգավորման դիրքերից:

Սիրիայի եղբայրական ժողովրդի հետ ծանր ժամանակներ է ապրում նաև բազմահազար սիրիահայությունը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Եվ մենք կոչ ենք անում մեր սիրիահայ եղբայրներին` պայքարել իրենց գրկաբաց հյուրընկալած և իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր և կենսունակ համայնքներից է, որով մենք իսկապես հպարտանում ենք: Հայաստանը, նաև համայն հայությունը աջակցում և աջակցելու են Սիրիայի ժողովրդի ցանկությանը՝ գտնել խաղաղություն իրենց տանը և պահպանել իրենց օջախները:

Բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի իրավունքը անօտարելի է աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Այսօր շատ ժողովուրդներ պայքարում են այն արժեքների համար, որոնք վաղուց ի վեր արմատացել են Լիբանանում: Ճիշտ է դժվարին է եղել այդ ուղին նաև ձեզ համար, սակայն արդյունքում դուք դարձել եք տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկը, իսկ ձեր պետության զարգացման հիմքում առաջին իսկ օրվանից դրվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, բազմակարծության և հավասարության սկզբունքները: Այդ ուղին դժվար է եղել նաև այն պատճառով, որ դրան պատրաստ չի եղել Լիբանանի շրջապատը, և դրա համար Լիբանանը շատ թանկ գին է վճարել: Սա մի իրողություն է, որին հայերս նույնպես, ցավոք, քաջածանոթ ենք:

Այսօր Լիբանանն իհարկե կրում է տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների ազդեցությունը: Մենք խորապես ցնցված ենք և խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Ցավակցելով զոհերի հարազատներին` մենք հույս ենք հայտնում, որ այդ ողորմելի սադրանքը չի կարողանա խաթարել խաղաղությունը Լիբանանում: Մենք համոզված ենք, որ երկրի քաղաքական վերնախավի հավաքական իմաստնությունն ու ձեռնարկված գործնական քայլերը` ուղղված ազգային երկխոսության ու փոխվստահության մթնոլորտի հաստատմանը, թույլ չեն տա, որ Լիբանանը լուրջ ցնցումների ենթարկվի: Լիովին վստահ եմ, որ Լիբանանի հայ համայնքը, որ ժամանակին ջերմ ընդունելության է արժանացել ձեր կողմից, միշտ ձեր կողքին կլինի: Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պատրաստակամ են ուժերի ներածին չափով զորավիգ լինել Լիբանանին և լիբանանահայությանը ձեր առջև կանգնած խնդիրների լուծման ճանապարհին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր տարածաշրջանին, դժբախտաբար, նույնպես ծանոթ են պատերազմի արհավիրքները, գիտենք, թե ինչ է նշանակում պարտադրված պատերազմ և ատելություն սերմանելու համար ստեղծվող պարարտ հող: Բոլորովին վերջերս էր, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ի պատասխան ազգերի ինքնորոշման իր հիմնարար և օրինական իրավունքի խաղաղ պահանջի, ստիպված եղավ դիմակայել և հաղթահարել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը: Հայրենիքը լքելու կամ ինքնապաշտպանվելու երկընտրանքից Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովուրդն ընտրեց երկրորդ տարբերակը: Եվ բազմաթիվ զրկանքների և արյան գնով տեր կանգնեց սեփական հայրենիքում ազատ ապրելու իր իրավունքին:

Այժմ Ադրբեջանը ջանք չի խնայում խնդրի էությունը խեղաթյուրված ներկայացնելու, ամենատարբեր կառույցներում ապատեղեկատվություն տարածելու և տարբեր երկրներին թյուրիմացության մեջ գցելու համար: Ադրբեջանը որոշ հարթակներում փորձում է խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, ինչը չի կարող աղերս ունենալ իրականության հետ: Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները բազմաթիվ իսլամական երկրների հետ վկայում է մեր` տարբեր կրոնների և քաղաքակրթությունների միջև երկխոսության համար բաց լինելու մասին: Ցավալի է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվում է, շահարկելով իսլամական համերաշխության գործոնը, Ղարաբաղյան խնդրի նկատմամբ խեղաթյուրված դիրքորոշումներ ձևավորել: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ ևս իմ խորին երախտագիտությունը հայտնել ԼՂ հարցում Լիբանանի հավասարակշիռ դիրքորոշման և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար: Ձեր հավասարակշիռ մոտեցումը ևս մեկ ներդրում է` հօգուտ մեր տարածաշրջանի կայունության:

Այսօր Ադրբեջանը, չնայած հաստատված զինադադարին, շարունակում է գնդակոծել ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանները, և որին զոհ են գնում անմեղ երիտասարդներ: Ի պատասխան միջազգային հանրության` խնդիրը խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին, շարունակում է իր ռազմատենչ քարոզչությունը և սպառազինությունների աննախադեպ կուտակումը: Բերեմ միայն մեկ օրինակ. Ադրբեջանի՝ Իսրայելից գնած սպառազինություններն ըստ տարբեր աղբյուրների գերազանցում են 1,5 մլրդ դոլարը: Բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանն ընդառաջ չի գնում միջնորդների առաջարկներին վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ, ասենք դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցում:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդին մեծ եռանդով ատելություն և թշնամանք ներարկել հայերի նկատմամբ: Այլապես, ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Այստեղ, այս բարձր ամբիոնից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա որևէ ժողովուրդ, որին Հայաստանը և հայերը թշնամի կանվանեն: Եվ բնական է, որ չկա: Մեր թշնամին այլատյացությունն է, որ այդպես լիուլի հարևան երկրում ներարկում են իրենց մատաղ սերնդին: Մեր թշնամին ծայրահեղականությունն է և անհանդուրժողականությունը, ինչպիսին ոմանց երազներն են՝ աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանն ու Ղարաբաղը, հայաթափել դրանք, ինչպես հայաթափել են Ադրբեջանի կազմում մեկ այլ` Նախիջևանի ինքնավարությունը:

Այս անհեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ժողովուրդը երբեք պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել: Վերջապես ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, կարծում եմ, Ադրբեջանը չեն պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, ուստի խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի հեռանկարը ոչ թե ընտրություն է, այլ հրամայական:

Հարգելի՛ բարեկամներ,

Արդեն երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանը ուս ուսի տված շարունակում են Հայաստանը պահել անօրինական շրջափակման մեջ, որը թեև վնասել ու խոչընդոտել է մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, սակայն չի կարողացել խաթարել այն: Կարծում եմ ժամանակն է, որ մեր հարևան պետությունները իրատեսական հայացք գցեն տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, վերագնահատեն իրենց քայլերի արդյունավետությունը: Այդ պարագայում միգուցե մեր բազմաչարչար ժողովուրդների մոտ կարթնանա հաշտ ու խաղաղ ապագայի հույսը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

21 տարի առաջ անկախության վերականգնմամբ բացվեց հայոց պատմության նոր էջը: Հայաստանը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին, որին հավատարիմ է մինչև այսօր: Հաղթահարելով բազում օբյեկտիվ և արհեստական դժվարություններ, այսօր ունենք ամրացած հայոց պետություն, քաղաքական կայունություն, ամուր բանակ, բաց ու բազմաֆունկցիոնալ տնտեսություն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառույցներ, իրենց իրավունքներին իրազեկված քաղաքացիներ:

Հայաստանի իշխանությունների ամենանվիրական նպատակներից մեկն է, որ գալիք սերունդներին փոխանցենք այնպիսի արժեքներ, որոնք միտված են կայուն, անվտանգ, համերաշխ և խաղաղ ապագայի հարատևմանը: Բայց նման ապագան կերտվում է միայն բարեկամների հետ: Վստահ եմ, որ Հայաստանն ու Լիբանանը դարերի այդ ճանապարհը կանցնեն միասին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ համբերության համար և Լիբանանի Հանրապետությանը մաղթել հարատև կայունություն ու բարեկեցություն, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ անխախտ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:

Կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը:

← Վերադառնալ