05
10, 2012

Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է պարոն Բյորնզենի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել խորհրդարանական ձևաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում են նաև միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու լայն հնարավորություններ են ստեղծում: Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ ևս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:
 

← Վերադառնալ