Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաև բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու և ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին:
Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:
Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաև այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով և համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին և նրա հարուստ պատմությանն ու մշակույթին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ևս հայ-բելգիական համագործակցության զարգացումը: