Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կառավարության արտահերթ նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում մինչ օրակարգին անցնելը, շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ:
Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Սահմանված կարգով, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման, կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Հանրապետության նախագահը նիստի ավարտին կոչ է արել նոր ձևավորված կառավարության անդամներին՝ տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի և մաղթել է հաջողություն:
***