14
04, 2012

Սերժ Սարգսյանը Ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է ՀՀ բարձրագույն կոչումներ և մեդալներ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ:

Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Մարտական ծառայության մեդալովª ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ, միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ-վարորդ, միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը: Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգևները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են և մեծ արժեք ունեն իրենց կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ոստիկանության օրվա առթիվ

Հարգելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Կարծում եմ, ձեզնից որևէ մեկը չի կասկածում, թե որքան լավ եմ պատկերացնում ես ձեր աշխատանքի բարդություններն ու ձեր խնդիրները: Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին: Գոհունակությամբ արձանագրում եմ` արդյունքներն իսկապես տեսանելի են:

Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել:

Ձեզնից կրկին ակնկալվում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, և վճռականություն` մյուս կողմից: Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում:

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից: Պետք է այնպես անեք, որ այս հնարավորությունը բաց չթողնեք:

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայության մեջ:

 

 

← Վերադառնալ