29
12, 2011

Նախագահի նստավայրում հյուրընկալվել են մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքները

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի:

Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր և հարգանք: «Այս երեխաները մեր անկախության սերունդն են: Մենք վերջերս մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ես որևէ կասկած չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ մենք այս երեխաներին ենք հանձնելու ավելի բարեկեցիկ երկիր, ավելի ամուր պետություն, որովհետև յուրաքանչյուր սերունդ պետք է իր պարտականությունը կատարի, իր խնդիրը լուծի, որպեսզի հաջորդ սերունդների աշխատանքն արդեն կառուցված հիմքի վրա լինի, որովհետև առանց ամուր հիմքի ոչ մի լուրջ բան չի կարելի կառուցել: Ես վստահ եմ, որ անցնելու է 15-20 տարի, և այս դահլիճում հավաքված շատ-շատերը լինելու են պետական բարձր ծառայողներ, պաշտոնյաներ, զորահրամանատարներ, դիվանագետներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրենց արհեստին շատ լավ տիրապետող մարդիկ, ովքեր կկարողանան իրենց շրջապատին հույս, հավատ հաղորդել, իրենց շրջապատում բարություն սերմանել, որովհետև բարությամբ և համերաշխությամբ կարելի է լուծել բոլոր խնդիրները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքներն այսօր Նախագահ Սերժ Սարգսյանից և տիկին Ռիտա Սարգսյանից կստանան նաև ամանորյա նվերներով լի զամբյուղներ ու համակարգիչներ:

← Վերադառնալ