23
12, 2011

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նախագահի նստավայրում Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Այնուհետև տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:



***



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ

Իրանի Հանրապետության պարո՛ն Նախագահ,
Հարգարժա՛ն գործընկերներ,

Ցանկանում եմ մեկ անգամ ևս սիրով ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ այս այցելությունն է՛լ ավելի կխթանի մեր բարեկամական հարաբերությունները: Հայ-իրանական երկկողմ բարեկամության նոր շրջանն սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրերից: Հետևաբար, այս տարի լրանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, այլ նորագույն ժամանակաշրջանի մեր բարեկամության 20-ամյակը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարևոր նախագծեր և նախանշել ենք նոր ծրագրեր:

Շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահի հետ մեր առանձնազրույցի ընթացքում մենք եկանք շատ կարևոր եզրակացությունների: Դա շատ կօգնի մեր հարաբերություններն է՛լ ավելի խորացնել: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների հիմքը հայ-իրանական անկեղծ բարեկամությունն է, և հենց այս այցն էլ այդ բարեկամության վրա հիմնված մեր հարաբերությունների զարգացման նպատակ է հետապնդում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել այն փաստը, որ մեր քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք, և չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են:

Մենք պարոն Նախագահի հետ խոսում էինք այն մասին, թե որքան լավ է, որ մեր առևտրաշրջանառությունն աճում է և մեր հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն: Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարևան, կողք-կողքի ապրող ժողովուրդների և պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարևոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք և եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել և, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել: Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակաշրջան հետո, մենք կարողանալու ենք խոսել, որ այս ոլորտում արդեն ունենք ձեռքբերումներ, կարող ենք նշել, որ առևտրի ոլորտում այսօր առկա բավականին խոչընդոտներ վերացված են: Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաև այլ խնդիրներ: Կարևորն այն է, որ, իրոք, մթնոլորտը կառուցողական է, և իրար լավ ենք հասկանում:

Պարո՛ն Նախագահ, մեկ անգամ ևս բարով եք եկել Հայաստան՝ Ձեր գլխավորած պատվիրակության հետ միասին: Մենք մշտապես ուրախ ենք մեր բարեկամների հետ հանդիպելու՝ լինի Երևանում, թե Թեհրանում:



***



ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ

Անչափ ուրախ եմ, որ Ամանորի և Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի նախաշեմին ես գտնվում եմ Հայաստանում և եկել եմ իմ բարեկամների հետ հանդիպման: Այս իսկ առիթով իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ այս գալիք տարին կլինի առաջադեմ տարի բոլոր բնագավառներում և հարուստ տարի՝ բոլոր երկրների և ժողովուրդների համար, այդ թվում՝ նաև Հայաստանի:

Ինչպես Դուք նշեցիք, երկու երկրների հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են: Պատմության ընթացքում մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ և այսօր դրանք պահպանվում են: Հատկապես Հայաստանի անկախացումից ի վեր այդ հարաբերություններն ամեն օր ընդլայնվել են և այսօր էլ շարունակում են ընդլայնվել: Բացի այն, որ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, որոնք շատ մեծ ու կարևոր գործոն են, մենք նույն մշակույթի կրողներն ենք: Արդարությունը, մարդկայնությունը, բարեկամությունն այն արժեքներն են, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեն: Երկու ժողովուրդների ավանդույթները և սովորույթներն իրենց հերթին ցույց են տալիս փոխադարձ մտերմությունը: Մենք` երկու կողմերն էլ, բարեկամությունն ընդլայնելու կողմնակիցներն ենք և անհանգստացած ենք օտար ներխուժումից տարածաշրջան: Մենք, բարեբախտաբար, այսօր հարաբերությունների ընդլայնման ականատեսն ենք: Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար:

Պարոն Նախագահի հետ շատ լավ բանակցություններ ունեցանք: Ես ասացի, որ ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի և Իրանի միջև քարտեզը փոփոխի: Մենք հարևան և բարեկամ ենք և պետք է միմյանց հետ կողք-կողքի ապրենք ու մեր աշխատանքներն առաջ տանենք: Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք: Տարբեր նախագծերի հետ կապված շատ լավ քննարկումներ, բանակցություններ ունեցանք՝ Արաքսի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ: Ինչպես նաև ուսումնասիրեցինք, թե ինչ կարելի է անել առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ հող նախապատրաստելու համար և համադրելու այն բոլոր մաքսային և այլ լրացուցիչ աշխատանքները, որպեսզի աճեն առևտրաշրջանառության ծավալները: Անդրադարձանք նաև տարածաշրջանային մի քանի այլ խնդիրների: Բարեբախտաբար, մեր տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են և նման: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ծրագրերի իրագործման նպատակով երկու երկրների համապատասխան պաշտոնատար անձանց միջև հնարավորինս արագ հանդիպումներ կազմակերպվեն: Պարո՛ն Նախագահ, շնորհակալություն եմ հայտնում բարեհամբյուր և ջերմ ընդունելության համար:




***



Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպեց և բանակցություններ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Երկու պետությունների նախագահների միջև բանակցություններն ընթացան բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների տարբեր ոլորտներին, ներկա վիճակին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրեցին երկու պետությունների տեսակետները տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և շեշտեցին ս.թ. մայիսի 29-30-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև երկու պետությունների միջև ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման առումով:

Այցի ընթացքում ստորագրվեցին.

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:

- «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,

- «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,

- «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,

- «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև» Փոխըմբռնման հուշագիր,

- «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր

Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդրումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարևորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարևորեցին համաշխարհային խաղաղության և անվտանգության ամրապնդումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անդրադառնալով մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձություններին` ընդգծեցին տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Նրանք նշեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծեցին բանակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը:

Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում:

Սույն հայտարարությունը հրապարակվեց 2011թ. դեկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, պարսկերեն և հայերեն լեզուներով:

← Վերադառնալ