26
10, 2011

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստին և ողջունել միջոցառմանը ներկա 50 երկրից ժամանած ավելի քան 350 պատվիրակներին: Հանրապետության ղեկավարը Գլխավոր Վեհաժողովին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին՝ մեր ժողովրդի և Երևանի մասին իր ելույթում հնչեցրած ջերմ խոսքերի համար, նշելով, որ հաճելի է այսքան երկրների պատվիրակների միասին տեսնել Երևանում:



***


Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստին

Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հարգարժա՛ն պարոն նախագահ,

Հարգարժան քաղաքապետներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վերջին շաբաթները Հայաստանի համար դարձան իսկական ֆրանսիական ամիս: Ուղիղ մեկ ամիս առաջ ես ընկերոջս և բարեկամիս՝ Նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով գտնվում էի Փարիզում։

Այնուհետև տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի բացառիկ պետական այցը Հայաստան, որը նշանավորվեց մեր հարաբերությունների մի նոր բարձրագույն փուլով։ Այդ այցն իր էությամբ և, որ շատ կարևոր է, բովանդակությամբ դարձավ կարևորագույն մի հենասյուն՝ ավելի ամրապնդելով մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը։

Իսկ այսօր Երևանում գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի տարեկան նիստը։

Հարգարժա՛ն պարոն Դելանոե,

Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ, երբ ես Փարիզի քաղաքապետարանի կողմից կազմակերպված շատ մեծ ընդունելության հյուրն էի, ասացի, որ մենք հաճույքով սպասում ենք Ձեզ և Ֆրանկոֆոն քաղաքապետների այցելությանը Երևան։

Մեզ մեծ բավականություն է պատճառում ֆրանկոֆոն ընտանիքին բարեկամության ամուր թելերով կապված լինելու փաստը: Խորապես կիսում ենք կազմակերպության հռչակած արժեքները, ինչպիսիք են՝ մշակութային բազմազանությունը, մարդու և ժողովուրդների ազատ, խաղաղ և ինքնուրույն ապրելու իրավունքը: Եվ այդ արժեքների վրա է հիմնված մեր հազարամյակների պատմության հարուստ փորձ ունեցող ժողովրդի ապագայի պատկերացումը: Այդ արժեքների հիման վրա ենք մենք փորձում կառուցել մեր պետականությունը, որն ընդամենը 20 տարվա պատմություն ունի, թեև մեր ժողովուրդը հազարմայակների խորքից է գալիս: Մենք հետևողական ենք ֆրանկոֆոն ընտանիքի մաս կազմելու մեր քայլերի մեջ, և ինչպես այստեղ ասվեց, երեք տարի առաջ մենք դարձանք Կազմակերպության ասոցացված անդամ, իսկ գալիք գագաթնաժողովին ակնկալում ենք ստանալ արդեն լիիրավ անդամի կարգավիճակ: Այն կգա միայն պաշտոնապես ամրագրելու այն առաջընթացը, որ առկա է Հայաստանում այս ուղղությամբ:

Ֆրանկոֆոն ընտանիքին միանալու մեր նպատակաուղղվածության ապացույցները և այդ ճանապարհին վերջին շրջանում արձանագրված հաջողությունները բազմաթիվ են: Ես դրանով հպարտանում եմ:

Ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիան մեր երկրում ներկա են բոլոր ասպարեզներում ՝ ֆրանսիական մանկապարտեզից մինչև ֆրանսիական համալսարան, գիտական ու մշակութային ոլորտներից մինչև լրագրողական և գործարար շրջանակներ:

Պատահական չէ, որ Հայաստանն առաջատարներից մեկն է Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպված միջոցառումների թվով, որոնք անցկացվում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մեր հանրապետության մնացած տարածքներում:

Հայաստանի Ազգային ժողովն անդամակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, իսկ մեր երեք խոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունները` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը։

Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ միայն Ֆրանսիայի հետ հաստատվել են շուրջ երեսուն ուղղակի կապեր` չհաշված Ֆրանկոֆոնիայի մնացած երկրները: Այդ շփումն ու կապերն ինքնին տեղական ինքնակառավարման մարմինների մի յուրահատուկ ասամբլեա է։

Կարծում եմ` մեր այդ ակտիվության արդյունքն ու գնահատականն է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը Երևանում անցկացնելու ձեր որոշումը: Եվ մեկ անգամ ևս ասեմ, որ հիրավի մեզ համար շատ մեծ պատիվ է: Ես վստահ եմ, որ Գլխավոր ասամբլեայի երևանյան նիստն իր ներդրումն ունեցավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հռչակած գաղափարների տարածման համար և հետագա համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդեց:

Կրկին բոլորիդ ջերմորեն ողջունում եմ, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնում Երևանը Գլխավոր ասամբլեայի անցկացնելու վայր ընտրելու կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ հետագա հաջողություններ: Դուք շատ կարևոր աշխատանք եք կատարում, իսկ կարևոր աշխատանք կատարելու ժամանակ հաջողությունն անհրաժեշտ է:

← Վերադառնալ