17
10, 2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Պարո´ն Նախագահ,

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին և 7-ին:

Իմ պետական այցից նախևառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից:

Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչևիսկ միաձուլվելով նրան:

Նույն կերպ, ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը և որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված և նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության: Նաև, ցանկանում եմ Ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում:

Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա:
Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար:

Հայաստանին ցանկանում եմ խաղաղ և բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է և մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի եք:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո´ պարոն Նախագահ, սիրելի´ Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաև իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը»:

← Վերադառնալ