12
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի անցկացրած մրցանակաբաշխության հաղթողներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական և գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին և համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին և գնահատելի համարել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարևորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է և միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ Նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռևս դրա անհրաժեշտությունը կա: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես հայագիտության բնագավառը, նաև՝ լավագույն սպա, լավագույն զինվոր մրցանակի սահմանմամբ բանակում անցկացվող մրցանակաբաշխությունը: «Վստահ եմ, որ լավագույններից մեկը կստանա այդ պարգևը, եթե կուզեք` այդ կոչումը, և դա չափազանց կարևոր է: Կարևոր եմ համարում նաև Համահայկական համաժողովի ժամանակ պարոն Արա Աբրահամյանի առաջարկը՝ ստեղծել համահայկական տնտեսական համաժողով: Եթե մեզ հաջողվի, իրոք, կայացնել այդ համաժողովը, ապա վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք տնտեսապես շահավետ կապեր, որոնք օգտակար են լինելու և´ այդ մարդկանց, և´ մեր երկրի ու ժողովրդի համար: Որպես իշխանություններ` մենք պատրաստ ենք մեր անելիքն անել»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահը կարևորել է նաև մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում անցկացնելն ու տաղանդաշատ երիտասարդներին հնարավորինս խրախուսելը:
«Երիտասարդությանը ոգևորել, խրախուսել է պետք, և մենք շատ ավելի շոշափելի արդյունքներ կարող ենք ունենալ: Այստեղ էլ, եթե անհրաժեշտ է ջանքերի համադրում` մենք պետականորեն պատրաստ ենք դրան»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
Նշելով, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է պետական մարմինների ու առաջին հերթին սփյուռքի նախարարության հետ համատեղ, բոլոր այդ մարմինների օժանդակությամբ՝ Սերժ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հանուն ընդհանուր գործի ջանքերի համատեղումը: «Երբ մեր ջանքերը համատեղվում են, ապա արդյունքները շատ ավելի տեսանելի են լինում»,-ընդգծել է Նախագահը` մեկ անգամ ևս բերելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, վերջին շրջանում տպավորիչ հաղթանակներով Հայաստան վերադարձող մեր շախմատիստների և բազում այլ օրինակներ:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` իրենց ծրագրերի իրականացման գործում մշտական աջակցության և այսօրվա ընդունելության համար: «Հայաստանում աշխատելու, ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են: Իշխանության հետ համագործակցության մեխանիզմները հստակ են: Այդ առումով, չափազանց կարևոր էր, որ Նախագահը սփյուռքի նախարարություն ստեղծելու իր նախընտրական խոստումն ընտրություններից հետո կատարեց, և այժմ այդ նախարարության, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, նաև այլ պետական մարմինների հետ սերտ համագործակցելով` մենք իրականացնում ենք մեր ծրագրերը»,-ասել է Արա Աբրահամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ