07
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

* * *

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա´յք և պարոնա´յք,

Ջերմորեն ողջունում եմ իմ բարեկամին՝ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի անկախության 20-ամյակը նշանավորվում է նաև Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների փոխայցերով, ինչն իսկապես խորհրդանշական փաստ է և խոսուն վկայությունն է մեր միջև առկա բարձր մակարդակի երկխոսության ակտիվությունը պահպանելու փոխադարձ ցանկության:

Այսօր Նախագահ Սարկոզիին մեկ անգամ ևս ներկայացրեցի այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ինչը պայմանավորված է հայ-ֆրանսիական պատմական սերտ առնչություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ունեցած նշանակալի դերով, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ լինելու հանգամանքով, Ֆրանսիայում բնակվող շուրջ կես միլիոնի հասնող հայկական համայնքով և բազմաթիվ այլ գործոններով:

Մեր հարաբերություններում ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ զարգանում է միջխորհրդարանական համագործակցությունը, առկա են սերտ մշակութային, կրթական առնչություններ, շոշափելի է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ, հաջողությամբ է զարգանում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը:

Հատուկ անդրադարձ կատարեցինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչին, և շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահն իր հաստատակամությունը հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում: Արդյունավետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեզ հաջողվում է առարկայացնել ֆրանսիական ընկերությունների առավել ընդգրկուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Հատկապես ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերում։

Հաշվի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ-ում` մեր հաստատակամությունը հայտնեցինք` շարունակելու համագործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակներում: Ֆրանսիական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը` սատար կանգնելու Հայաստանի եվրամերձեցման ջանքերին, ինչը մեծապես արժևորվում է մեր կողմից, քանի որ բացի արժեքային-քաղաքակրթական համակարգից, մեզ Եվրոպային կապում են նաև մեր բարեկամ երկրները և մասնավորապես Ֆրանսիան։

Պարոն Սարկոզիի հետ մտքեր փոխանակեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նշեցի, որ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող հետևողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ընդգծեցի, որ Հայաստանում առանձնակի կարևորում են նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս ուղղությամբ։ Դրա դրսևորման վառ օրինակներից է Մինսկի խմբի համանախագահող երկրների Նախագահների հայտարարությունները Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և մասնավորապես Դովիլում՝ Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, որը նախագահում էր Ֆրանսիան: Մեծ տերությունների և հատկապես Ֆրանսիայի պես կշիռ ու հեղինակություն վայելող պետության անաչառ ու հավասարակշռված դիրքորոշումը հայաստանյան հասարակությունն ընկալում է որպես Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված կարևորագույն ուղերձ։

Քննարկեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր նախաձեռնության հետագա զարգացումներն ու այժմ տիրող փակուղային իրավիճակի պատճառները: Առիթից օգտվելով,՝ ցանկանում եմ վերստին շնորհակալությունս հայտնել Նախագահ Սարկոզիին Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերում հստակ դիրքորոշման ու կեցվածքի, այս տարիների ընթացքում մեզ ցուցաբերած եղբայրական աջակցության համար:

Ավարտելով խոսքս՝ կցանկանայի կրկին բարձրաձայնել Հայաստանի իշխանությունների ցանկությունն ու հանձնառությունը` ուղղորդելու մեր ջանքերը ի հարատևություն Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամության:
Շնորհակալություն:

← Վերադառնալ