06
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի տրվել է պետական ընթրիք

album picture
Այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի տրվել է պետական ընթրիք:



***


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ


Մեծարգո´ պարոն Նախագահ,

Հարգարժա´ն տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր ողջունել պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին, Հայաստանի և նաև իմ բարեկամին, ով մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում սատար է կանգնել մեր եկրին և մեր ժողովրդին։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այն ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, որին արժանացանք օրեր առաջ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած իմ այցի ժամանակ։

Հայաստանի և Ֆրանսիայի հատուկ հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն։ Դեռևս 11-14-րդ դարերում Կիլիկիայի Հայոց Թագավորության օրոք, հայ և ֆրանկ ազնվական տների միջև կնքված ամուսնական և ռազմավարական դաշինքներից ի վեր, հայ-ֆրանսիական առնչությունների սաղմերը հետագա դարերում շարունակաբար ամրապնդվել են` վերածվելով խոր արմատներ ունեցող անկեղծ բարեկամության: Ամենևին պատահական չէ, որ ֆրանսիական հողում, Ֆրանսիայի թագավորների կողքին է հանգչում հայոց վերջին թագավորը՝ Լևոն վեցերորդը:

Մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության, համակեցության շրջանակներն ընդլայնվեցին մեր ազգի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջանում: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայեր ապաստան ու ապավեն գտան Ֆրանսիայում:

Վառ պահելով հայկական ինքնությունը` հայ մարդն անցավ Ֆրանսիայի հասարակական կյանքի լիարժեք ինտեգրման ճանապարհը` վտարանդի օտարականից դառնալով հայկական ծագում ունեցող օրինակելի ֆրանսիացի: Ես իսկապես հպարտ եմ, որ մեծաթիվ ֆրանսահայեր ակնառու հաջողություններով իրենց նպաստը բերեցին Ֆրանսիայի բարգավաճմանը և դարձան մեր երկու ժողովուրդների համատեղ հպարտության խորհրդանիշ:

Ֆրանսիայի հասարակությունը երբեք անհաղորդ չի մնացել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրին, նրան հուզող խնդիրներին։ Ֆրանսիան ապավեն է դարձել մեզ անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից՝ շարունակաբար աջակցելով ամրապնդել մեր պետականության հիմքերը, սատար կանգնել մեր ամենադժվարին օրերին։ Հայ ժողովուրդը և Հայաստանը շնորհակալ են բարեկամ Ֆրանսիային Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար:

Մեր երկու ժողովուրդներին միահյուսած պատմության կամուրջներն աներեր հիմքերի վրա են դրված և ստեղծել են փոխադարձ բարեկամության համար առանձնաշնորհյալ կարգավիճակ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերություններում։ Մեր միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որն ամենադրական կերպով է անդրադառնում համագործակցության բազմաթիվ ոլորտների վրա: Միայն նախագահական մակարդակով փոխայցելությունների թիվը մոտենում է երկու տասնյակի:

Ֆրանսիան հանդիսանում է երկրորդ խոշոր ներդրողը Հայաստանում, մեր տնտեսությունում շոշափելի ներգրավվածություն ունեն հարյուրից ավելի ֆրանսիական ընկերություններ, այդ թվում համաշխարհային մեծության այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Կրեդիտ Ագրիկոլը, Օրանժը, Պեռնո Ռիկարը: Ես լիահույս եմ, որ մոտ ժամանակներում այս ցանկին կարող ենք ավելացնել ուրիշ անուններ ևս:

Էական ձեռքբերումներ ունենք կրթամշակութային ոլորտներում: Արդյունավետ համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ մեծ կարևորություն տալով և հետևողական ջանքեր գործադրելով Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ուղղությամբ:

Հիշատակման է արժանի նաև Հայաստանի և Ֆրանսիայի շուրջ 30 գործընկեր քաղաքների ու շրջանների միջև տարբեր ոլորտներում ընթացող ապակենտրոնացված համագործակցությունը:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և անձամբ Ձեր, պարո´ն նախագահ, հետևողական ջանքերի համար, որոնք նպաստում են մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և համագործակցության խթանմանը։ Ֆրանսիան համաշխարհային խոշորագույն դերակատար է, և Ֆրանսիայի արդար ու անաչառ մոտեցումն այս խնդրում կենսական կարևորություն ունի մեզ համար։

Մեծարգո´ պարոն Նախագահ,

Կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին հնարավորություն ենք ունենալու միասին աշխատելու և միատեղելու մեր ջանքերը՝ ի հարատևություն մեր երկրների և ժողովուրդների բարեկամության։ Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցը ևս մեկ սյուն է կանգնեցնելու հայ-ֆրանսիական բարեկամության տաճարում:

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք բարձրացնել բաժակ, մեծարգո պարո´ն Նախագահ, ի պատիվ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակության, ասել է թե՝ Ֆրանսիայի մեծ ժողովրդի պատվին, որի հանճարեղ զավակներն անուրանալի և հսկայական ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության կերտման ու զարգացման գործում: Խնդրում եմ բոլորս միասին հոտնկայս մաղթենք մեր երկրների և ժողովուրդների բարեկամությանը հարատևություն և ամրություն:

Շնորհակալ եմ:

← Վերադառնալ