05
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Նախագահը կարևոր է համարել, որ այն տեղի է ունենում հատկապես Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրերին:

Հանրապետության ղեկավարը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքը համարել է արդյունավետ ձևաչափ` երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար:

Քուվեյթի ֆինանսների նախարարը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է բարեկամ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցով, և այցի ընթացքում ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այդ հնարավորությունները հանգամանորեն քննարկվել են: «Մենք այս օրերին տեսանք, թե որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում: Դա ևս մեզ ոգևորում է: Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը ճիշտ ուղղու վրա է և հաստատակամ ենք մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդել նաև տնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,-ասել է նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ: Երկուստեք կարևորվել է քննարկումների արդյունքում ստորագրված` Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանում դեսպանություն հիմնելու՝ Քուվեյթի կառավարության որոշումը, նշելով, որ շուրջ մեկ տարուց ավելի Քուվեյթում բացված ՀՀ դեսպանության հետ միասին Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունը զգալիորեն կնպաստի հայ-քուվեյթական կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի պետությունների հետ արդյունավետորեն զարգացնում է միջպետական հարաբերությունները, որի հիմքում հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է:

← Վերադառնալ