13
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լյուբլյանա:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավականին աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր, այդ թվում` տնտեսական բնույթի, որոնք այսօր կհամալրվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագրով: Այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է գործարարների մի խումբ, որն այժմ բանակցություններ է վարում սլովեն գործընկերների հետ: Լիահույս եմ, որ ձեռնարկված համատեղ քայլերն այս տարվա վերջում արդեն կտան իրենց դրական արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերին ու մոտեցումներին:

«Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետևում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարևորություն ոչ միայն Խորվաթիայի, այլև Սլովենիայի և առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Երկու հարևան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից և խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով՝ հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը։

Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։

Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սլովենիայի նախագահը թեև Հայաստանի հետ Եվրամիության շրջանակում համագործակցությունը դրական է համարել, սակայն նշել է, որ այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև զարգացնելու առկա համեստ ապրանքաշրջանառությունը, բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում եւ ներդրումներ իրականացնել:

«Մեր երկրների միջև կան մշակությաին կապեր, սակայն համագործակցությունը պետք է ավելի լավ մակարդակի հասցնել նաև զբոսաշրջության ոլորտում: Կարելի է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում ևս:

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»,-իր խոսքում նշել է Նախագահ Դանիլո Թյիրկը:

ԶԼՄ-ների հետ հանդիպումից հետո, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:



***


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Խորապես զգացված եմ Նախագահ Թյիրկի և բարեկամ սլովեն ժողովրդի ջերմ հյուրընկալությունից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Մեր անկախության երկրորդ տասնամյակը նշանավորվեց հայ-սլովենական կապերի աստիճանական զարգացմամբ, իսկ վերջին կես տարին՝ նախագահների մակարդակով պաշտոնական այցերի և հանդիպումների հաճախականությամբ։

Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավական աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր, այդ թվում` տնտեսական բնույթի, որոնք այսօր կհամալրվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագրով: Այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է գործարարների մի խումբ, որն այժմ բանակցություններ է վարում սլովեն գործընկերների հետ: Լիահույս եմ, որ ձեռնարկված համատեղ քայլերն այս տարվա վերջում արդեն կտան իրենց դրական արդյունքները:

Նախագահ Թյիրկի հետ երկուստեք ընդգծեցինք հումանիտար կապերի զարգացման անհրաժեշտությունը: Անցյալ տարի Լյուբլյանայում անցկացված հայ մշակույթի փառատոնը սլովեն հասարակությանը հաղորդակից դարձրեց հայկական հոգևոր արժեքներին: Բարձր գնահատականի է արժանի սլովենական կողմի գործուն աջակցությունն այդ կարևոր միջոցառմանը, և հայկական կողմն իր պատրաստակամությունը վերահաստատեց Երևանում հյուրընկալել սլովենական մշակույթի օրերը:

Խոսեցինք նաև տարբեր փոխանակումների ծրագրերի կարևորության մասին: Կարծում եմ, մշակույթը, միջմարդկային շփումներն այն արժեքավոր միջոցներն են, որոնք սատարել են մեզ պետականության երկարատև կորուստների ժամանակաշրջանում, պահպանել ու փայփայել են մեր ժողովուրդներին ներհատուկ արժեհամակարգն ու բարեկամությունը և մեզ փոխանցել այն կայուն հենքը, որի վրա կարողացանք կառուցել մեր միջպետական հարաբերությունները՝ որպես երկու անկախ, ինքնիշխան պետություններ։

Հայաստանն ու Սլովենիան ունեն պատմական բազմաթիվ ընդհանրություններ, այդ թվում` ինքնության ու գոյատևման իրավունքի համար դժվարին մաքառումներ: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր` 2011 թվականին, մեր անկախությունից ուղիղ 20 տարի անց։ Սլովենիան ներկայումս համարվում է անկախությունից հետո օրինակելի զարգացման ուղի անցած, եվրաինտեգրման գործընթացում գործուն դերակատարում ունեցող և նույնիսկ Եվրոպական միության չափանիշներով` կայուն տնտեսություն ու գրավիչ կենսամակարդակ ունեցող երկիր։ Ցավոք, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում բալկանյան տարածաշրջանը ևս զերծ չմնաց պատերազմից։ Սակայն, պատերազմին հետևեցին հաշտությունը, բարեկամությունը, զարգացումը, հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և վերջապես ընդհանուր օրակարգերի ձևավորումը։ Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետևում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարևորություն ոչ միայն Խորվաթիայի, այլև Սլովենիայի և առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Երկու հարևան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից և խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով՝ հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը։

Ցավոք մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։

Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում: Մեր երկրների արտգործնախարարների այսօր ստորագրվելիք եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին Արձանագրությունը դրա վառ վկայությունն է: Այստեղ մենք շատ բան ունենք սովորելու Սլովենիայից։

Կարծում եմ, որ այս այցը մի կարևոր հիմնասյուն ավելացրեց հայ-սլովենական համագործակցության պատմությանը, և վստահ եմ, որ մեր բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն այլևս անշրջելի է։

← Վերադառնալ