24
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան:

Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները:

Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի և Թուրքմենստանի Կառավարությունների միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը:

Այնուհետև Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: Նախագահի հավաստմամբ, այդ ամենի վկայությունն են և՛ պաշտոնական այցը, և՛ կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունները:

Սերժ Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի Նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Նախագահի խոսքով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում:

«Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,-ասել է Սերժ Սարգսյանը, կարևորելով առևտրային հարաբերությունների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջև անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծման, արդյունաբերության և ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները:

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին` ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաև` առաջիկա տարիներին Երևանի պետական համալսարանի և Մահտումկուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանի միջև համագործակցության մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիվորեն զարգանում են առողջապահության ոլորտում կապերը: Այս ամենը, Սերժ Սարգսյանի խոսքով` շատ լավ և դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել:

Անդրադառնալով Նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է:

«Մենք, իհարկե, նաև քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի Նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը և սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում:

Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,-ընդգծել է Հայաստանի Նախագահը:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

«Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,-ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար:

Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում:

Այսօր երեկոյան Թուրքմենստանի Նախագահի անունից` ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:

← Վերադառնալ