21
10, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին, ով Երևանում կմասնակցի նաև հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` Հանրապետության ղեկավարը նշել է, որ ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջին պետական այցը Հայաստան լրացուցիչ խթան հանդիսացավ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Նախագահը կարևորել է նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է և լինելով ընդամենը 15 տարեկան, անցել է դժվարին, բայց պատասխանատու ճանապարհ: Հանրապետության ղեկավարը խոսել է նաև 2005թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որի շնորհիվ քաղաքացիներին նույնպես հնարավորություն տրվեց դիմել Սահմանադրական դատարան, և այժմ Դատարանն արժանի կերպով պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի խոսքով, Հայաստանում սահմանադրական արդարադատությունը պատվավոր տեղ է զբաղեցնում, ինչի մասին է վկայում նաև Երևանում միջազգային խորհրդաժողովի անցկացումը: Բարձր գնահատելով ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների համագործակցությունը` Վալերի Զորկինն ընդգծել է, որ երկու երկրների դատարանների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաև միջազգային ասպարեզում:

← Վերադառնալ